Հայաստանը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է. Նիկոլ Փաշինյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության մասնակցությամբ ընթացող հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է։ Եվ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, պատերազմի եռագլուխ կուսակցության (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը) և նրանց պոչերի գործունեությունն է»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը կառուցվել է Երևանի ու Բաքվի կողմից Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքով։
«Այժմ պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում խաղաղության այդ պայմանավորվածությունը։ Ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանում կա ուժ (խմբ. Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները հաղթահարել են խորհրդարան մտնելու անցողիկ շեմը և ներկայացված կլինեն նոր ձևավորվելիք խորհրդարանում), որը չի ընդունում խաղաղության ճարտարապետությունը։ Սա սպառնալիք է գեներացնում և առաջացնում է ուղիղ արձագանքներ, և մենք պետք է այս պատճառահետևանքային կապերը տեսնենք և առերեսվենք դրանց հետ»,-ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների կողմից ավելի քան 700 հազար քվե ստանալու հանգամանքը խոսում է խաղաղության օրակարգին նրանց հավատարմության մասին։
Նա նշեց, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների անդամները լրտեսական ցանցի ներկայացուցիչներ են և ընտրություններում այդ ձայները ստացել են՝ հենվելով ընտրակաշառքի վրա։ Վարչապետի խոսքով՝ այդ լրտեսական ցանցը պետք է արմատախիլ արվի։
«Հակառակ դեպքում նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի»,-շեշտեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-ի ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է հենց բնում արմատախիլ արվի։
«Այդ սպառնալիքներն անուններ ունեն․ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին) և բելառուսամետ օլիգարխ (խմբ. նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին)։ Ես ասում եմ՝ քանի վարչապետ եմ, նրանց հենց բնում ջախջախելու եմ անհատապես և հասցեական։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, նրանց կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանում և փոխել կառավարությունը, քանի որ այս գործընթացն արդեն կանգնեցնելու հնարավորություն չկա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։