Վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է օրենքի նախագիծը

5 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթի հիմքում քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկներն են, ինչի արդյունքում մշակվել է բալանսավորված օրենսդրական լուծում։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։

Նոր ընթացակարգով նախատեսվում է՝

1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձինք միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը առանց որակավորման քննությունների, համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ 1 տարի փորձաշրջանով։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վերականգնման ռեժիմը կիրականացվի բացառապես տեսական և գործնական քննությունների վերահանձնման եղանակով։

ՆԳ նախարարի խոսքով՝ կարգավորմամբ կարճ ժամանակահատվածով սահմանվում է փորձաշրջան, որի ընթացքում վարորդին տրամադրվում են սահմանափակ թվով բալեր, եթե փորձաշրջանի ընթացքում վարորդն իր վարքագծով ապացուցում է, որ ունակ է պատշաճ վարելու, ապա նշված ժամանակահատվածի ավարտից հետո նա վերադառնում է 13 բալային համակարգին։

Ներկայացնելով նախաձեռնությունը՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ՆԳ նախարարությունը շարունակելու է խիստ վերահսկողությունը թե՛ վարորդական իրավունքի տրամադրման, թե՛ Պարեկային ծառայության գործունեության շրջանակում, և որևէ կոմպրոմիսային լուծում չի նախատեսվում: Վարելու իրավունքից զրկված վարորդները զրկվել են օրինաչափ կերպով՝ Պարեկային ծառայության աչալուրջ ծառայության արդյունքում:

Նա ընդգծել է, որ կարգավորումը վերաբերում է բացառապես մոդելի փոփոխությանը և նպատակ ունի երթևեկություն վերադարձող անձին տրամադրել անհրաժեշտ հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով բավարար վերահսկողական և հակակշռող մեխանիզմներ՝ նրա վարքագիծը պատշաճ գնահատելու համար․ չարաշահումների դեպքում անձը կրկին դուրս կբերվի երթևեկությունից, և նրա նկատմամբ կկիրառվի ավելի խիստ գործիքակազմ։

Արփինե Սարգսյանը կրկին հիշեցրել է, որ որոշումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից վարչարարության հետևանքով զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը և չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հեգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին առնչվող՝ վարելու իրավունքից զրկման որոշումներին:

Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը ցանկացած փոփոխությունից հետո շարունակելու է մոնիթորինգը։ Եթե կիրառման ընթացքում արձանագրվի, որ կա լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն, նախարարությունը կշարունակի կատարելագործել համակարգը։

Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։

Հայերեն

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Էկոնոմիկայի նախարար

Ալեքսանդր Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքի ժամկետը

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով դատախազը դիմել է ԿԸՀ

2026-ի պետբյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն. Վարչապետի ամբողջական ելույթը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բալիում անցկացված կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայաստանցի աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ

Երևանի քաղաքապետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատման օրինագծին