Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
2 րոպեի ընթերցում

Ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան, բայց այդ մասին խոսք կարող է լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շուտով ամերիկացի բանագնացները կժամանեն, բայց ստույգ ժամկետներ առայժմ չկան: Դուք գիտեք, ամերիկացիներն զբաղված են հուշագրի պատրաստմամբ և ստորագրմամբ: Մենք գիտենք, որ այս շաբաթվա վերջին ստորագրումը նախատեսված է Շվեյցարիայում: Դրանից հետո, հավանաբար, խոսք կգնա այն մասին, որ նրանք կկարողանան այցելել Մոսկվա», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Պեսկովը նշել է, որ ամերիկացի բանագնացների Մոսկվա այցի մասին խոսվել է հունիսի 14-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք ձեզ կտեղեկացնենք, հենց որ ժամկետները համաձայնեցվեն», - վստահեցրել է մամուլի քարտուղարը:
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են, որ համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագիր, որի ստորագրման արարողությունը նախատեսված է հունիսի 19-ին: Այնուհետև հրադադարի 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացվեն վերջնական համաձայնագրի կնքման ուղղությամբ։