Հայաստանի լեգիտիմ իրավունքն է ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից․ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ստեղծվեն երաշխիքներ, որպեսզի ընտրակաշառք բաժանելու տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը Հայաստանում քաղաքական ազդեցություն ունենալու հնարավորություն չունենան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը երկու անգամ՝ 2021 և 2026 թվականներին, ծանր պայմաններում կարողացել է ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։

«Մենք երկու անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Հիշեցնեմ՝ 2021 թվականին մենք ինչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները, և այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամարտահայտման հնարավորություն են ունեցել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ևս քաղաքացիները ազատ կամարտահայտման հնարավորություն են ունեցել, սակայն ընտրական գործընթացում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ։

Վարչապետի գնահատմամբ՝ այդ մարտահրավերներին արձագանքելու և պատշաճ մեխանիզմներ ձևավորելու հարցը պետք է լինի առաջիկա քաղաքական օրակարգի կարևոր հատվածը։

«Մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով 9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվելիք  խորհրդարանական ընդդիմությանը՝ վարչապետը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ այն ձևավորվել է ապօրինի գործունեության արդյունքում։

«Ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է համապատասխան շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։

«Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից, և դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի միջոցներ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ այդ պարտավորությունը ստանձնել և վերահաստատել են նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Վարչապետը նաև նշեց, որ քաղաքացիները հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ այդ խնդիրները մինչ այժմ լուծված չեն։ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության բացակայության պայմաններում նման հարցերի լուծումը էականորեն դժվար էր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ 

Հիշեցնենք, որ քարոզարշավի ամբողջ հնթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրա մասին վկայող ձայնագրություններ։

Հայերեն English Español

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել