5 րոպեի ընթերցում
Վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բացերը լրացրեց համընդհանուր առողջապահական ապահովագրությունը։ Այն արդեն շուրջ կես տարի է, ինչ ձևավորել է նոր մշակույթ և համակարգ, որը, մասնագետների գնահատմամբ, զգալիորեն թեթևացրել է քաղաքացիների առողջապահական բեռը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը նշեց, որ, ցավոք, քաղցկեղի բուժումը մատչելի չէ, հատկապես, եթե անհրաժեշտ է համակցված բուժում։ Նրա խոսքով՝ պետությունն արդեն իսկ էականորեն իր վրա էր վերցրել այդ ֆինանսական բեռը, սակայն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն կար, և համընդհանուր ապահովագրությունն անհամեմատ մեծացրել է հնարավորությունները։
«Գրեթե բոլոր վիրահատությունները ներառված են և կատարվում են համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Ճառագայթային բուժման դեպքում մինչև 24 սեանս իրականացվում է առանց հիվանդի կողմից լրացուցիչ վճարման։ Իսկ դեպքերի մեծամասնությունում այդ 24 սեանսը բավարար է լինում։ Քիմիոթերապիայի հնարավորությունները ևս ընդլայնվել են թե՛ դեղորայքի տեսակները եռապատկելու, թե՛ տարեկան բուժման արժեքը մոտ ութ անգամ ավելացնելու շնորհիվ»,- ասաց Ծառուկյանը։
Ապահովագրության շրջանակում ընդլայնվել է նաև ախտորոշման և հետագա հսկողության ընթացքում կատարվող հետազոտությունների շրջանակը, որը, մասնագետի խոսքով, միանշանակ կանդրադառնա բուժման երկարատև արդյունքների վրա:
«Հնարավորինս վաղ ախտորոշման դեպքում բուժման հնարավորությունները մեծանում են։ Մյուս կարևոր խնդիրը ոչ թե մատչելիությունն է, այլ հասանելիությունը։ Հասանելիության մեծացման տեսանկյունից համընդհանուր ապահովագրությունը միանշանակ նպաստում դիմելիության աճին։ Երրորդ գործոնը մարդկանց շրջանում ձևավորված այն պատկերացումն էր, թե արտերկրում բուժման հնարավորություններն ավելի մեծ են։ Կարծում եմ՝ հասարակությունն արդեն համոզվել է, որ այդ գործոնը չկա, և քաղցկեղի բուժման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում բոլոր ուղղություններով զգալիորեն ընդլայնվել են ու համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանի խոսքով՝ դեղորայքային ուռուցքաբանության մեջ ևս առաջընթաց կա, քանի որ նախկինում պետպատվերով տրամադրվող ցանկին ավելացել է նորը. ավելացել են ոչ միայն բուն քիմիաթերապևտիկ դեղորայքները, այլ նաև թիրախային թերապիան, որը նախկինում տրամադրվում էր միայն կրծքագեղձի քաղցկեղի առաջին փուլում:
«Այսօր մենք կարողացել ենք հաղթահարել այդ սահմանափակումը, և նույնիսկ հիվանդության չորրորդ փուլում գտնվող պացիենտները համընդհանուր ապահովագրության շնորհիվ կարողանում են ստանալ այդ դեղորայքը։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, տարբերությունը շատ տեսանելի է։ Նախկինում, եթե պացիենտը որևէ սոցիալական խմբի չէր պատկանում, պետության կողմից տրամադրվող դեղորայքից կարող էր օգտվել տարեկան մինչև 150 հազար դրամի սահմաններում։ Եթե ուներ սոցիալական խմբի պատկանելիություն, այդ գումարը կրկնապատկվում էր և հասնում 300 հազար դրամի։ Համընդհանուր ապահովագրության շրջանակում այդ սահմանաչափն այժմ հասել է 1 միլիոն 200 հազար դրամի, և կարծում եմ՝ տարբերությունը բավական ակնհայտ է»,- ասաց բաժանմունքի վարիչը։
Մասնագետն ընդգծեց, որ նախկինում պետպատվերով տրամադրվում էր քիմիաթերապևտիկ և թիրախային մոտ 16 դեղամիջոց, իսկ ապահովագրության շրջանակում դրանց թիվն ավելացել է ևս 13-ով։ Առաջիկայում նախատեսվում է հասանելի դարձնել նաև ցանկում ներառված մյուս անհրաժեշտ դեղամիջոցները։
Մի շարք կարևոր ներդրումների շարքում բաժանմունքի վարիչը նշեց նաև պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, որը նախկինում պետպատվերով չէր, իսկ այժմ համավճարի սկզբունքով պացիենտները կարողանում են օգտվել դրանից: Այս հետազոտությունը բժիշկների համար կարևոր է, քանի որ այն ճիշտ բուժման մարտավարություն որոշելու համար առաջնահերթ է: