Հանքավանում մեկնարկել է FAST-ի և AMAA-ի AI մասնագիտությունների 2-րդ ճամբարը

6 րոպեի ընթերցում

Երկրորդ տարին անընդմեջ Հանքավանը հյուրընկալում է իր տեսակով եզակի AI մասնագիտությունների ճամբարը դպրոցականների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի ճամբարը բաց է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ սփյուռքի դիմորդների համար՝ միավորելով 14-17 տարեկան 460-ից ավելի մասնակցի։

AI ճամբարն իրականացնում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ։ 

Այն ձեւավորվել է ի շարունակություն FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի, որը ներդնում է խորացված AI կրթությունը հանրակրթական համակարգում եւ գալիս է լրացնելու այն նաեւ դասասենյակից դուրս։

Ըստ FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի՝ շատ կարեւոր է, որ պատանիները հնարավորություն ունենան հստակ պատկերացնելու ապագան․

«AI ճամբարն ունի հստակ մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։ Այն սկսվում է ինքնաճանաչումից ու հմտությունների զարգացումից մինչեւ անմիջապես AI մասնագետների հետ շփում։ Շատ կարեւոր է, որպեսզի երեխաները զգան սեփական ներուժը ու պատկերացնեն՝ ինչ մասնագիտական հեռանկարներ են նրանց համար բացվում AI-ի զարգացմամբ»։

Ճամբարը հնարավորություն է տալու պատանիներին բացահայտելու AI-ի ու հարակից ոլորտների մասնագիտությունները, առողջապահության, ֆինանսների եւ այլ բնագավառներում դրա կիրառությունները, ճանաչելու սեփական ուժեղ կողմերը, զարգացնելու արդի ու մրցունակ հմտություններ եւ, ըստ անհատական հետաքրքրությունների, կազմելու իրենց կարիերային ու անձնական աճի ուղին։ 

Որպես համաիրականացնողներ՝ FAST-ն ապահովում է ճամբարի մասնակիցների բովանդակային եւ գիտելիքային, իսկ AMAA-ը՝ ճամբարային առօրյան՝ հագեցած խաղերով, ժամանցային եւ մրցութային ծրագրերով։

AMAA-ի Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի համոզմամբ․ «Կրթությունը միայն դասասենյակով չի սահմանափակվում։ Հենց այդ պատճառով Հանքավանի ճամբարում մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կարող են բացահայտել իրենց տաղանդները, ձեռք բերել կյանքի եւ ապագայի համար անհրաժեշտ հմտություններ ու ձեւավորել նոր երազանքներ։ FAST-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս այս առաքելությունը հարստացնել նաեւ արհեստական բանականության ոլորտի ամենաարդիական գիտելիքներով»։

Բացի AI ճամբարից, դպրոցականների համար այս տարի բացվել է նաեւ առանձին եռօրյա Ձեռնարկատիրական AI ճամբար։ Այն անցնում է Mercedes Benz-ի եւ Lufthansa-ի պես հսկաների համար վերապատրաստումներ իրակացրած բեռլինյան հայտնի նախաձեռնության՝ IMPACT week-ի շրջանակում՝ հնարավորություն տալով աշակերտներին մտածելու որպես ստարտափերներ, զարգացնելու ամենաարդի հմտություններից մեկը՝ դիզայն մտածողությունը եւ պատրաստ լինելու կյանքի կոչելու ցանկացած գաղափար։

Ճամբարն այս տարի ունի նաեւ ֆինանսական գրագիտության մասով գործընկեր՝ IDBank-ը, որը հատուկ աշխատարաններ է վարում աշակերտների համար։ Որպես սոցիալական պատասխանատվության մշակույթի մաս՝ ճամբարի մասնակիցների՝ պատահարներից ապահովագրությունն անվճար տրամադրել է Նաիրի Ինշուրանսը։

AMAA-ը եւ FAST հիմնադրամը հայկական առաջատար կրթական կառույցները միավորող «405 կրթական դաշինք»-ի համահիմնադիր անդամ են։

AMAA-ը, հիմնադրված դեռ 1918թ․ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում, ավելի քան 3 տասնամյակ է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Այսօր կազմակերպությունն իրականացնում է կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր՝ իր 400-ից ավելի աշխատակիցների միջոցով հասնելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերին։

AMAA-ի կրթական առաքելության առանցքում նոր մոդելի դպրոցների ստեղծումն է, որն արդեն իրականացման փուլում է Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցում` իր մեջ ներառելով ցերեկային կենտրոն, իսկ հետագայում` նաեւ դպրոցահեն առողջության կենտրոն եւ համայնքային զարգացման այլ ծառայություններ: Կազմակերպությունը ծրագրում է կլաստերային մոդելի նոր դպրոցներ կառուցել նաեւ Հայաստանի մարզերում։

Ոչ ֆորմալ կրթության կարեւոր ծրագրերից է AMAA-ի Հանքավանի ճամբարը, որի տարածքում գործում են հյուրանոցային մասնաշենք, կոնֆերանս սրահներ, մարզահրապարակներ, ամֆիթատրոն, տաղավարներ եւ հանգստի գոտիներ։ Համալիրը նախատեսված է կլոր տարին ճամբարային, կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ կազմակերպելու համար, որի հասույթը կուղղվի Վարդենիսի դպրոցաշինությանը եւ Տավուշ համայնքում արցախցիների համար տների կառուցմանը։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։

Հայերեն

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայում արդյունաբերական արտադրությունը 2026 թ. ապրիլին մարտի համեմատ նվազել է 4,6%-ով․ BTA

Ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն․ ՊԵԿ-ը քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում