«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական գործողության մասին
1 րոպեի ընթերցում

Լիբանանում գործունեություն ծավալող արմատական «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հունիսի 14-ին 28 մարտական գործողություն են իրականացրել իսրայելական բանակի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայությունը։
Շարժման տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսրայելի զինվորականներին ու տեխնիկային Լիբանանի հարավում ընկած Մաջդալ Զուն, Յահմուր աշ Շքիֆ, Քանթարա, Թայբա, Նաքուրա, Շամ, Մարուն էր Ռաս, Ռեշաֆա և Բինտ Ջբեյլ շրջաններում։
«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ երեք անգամ հետ է մղել իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքերը Սայդա և Իքլիմ էթ Թուֆա շրջանների երկնքում՝ օգտագործելով «երկիր-օդ» դասի հրթիռներ և ԱԹՍ-ներին ստիպելով լքել Լիբանանի օդային տարածքը:
Շարժումը հավելել է, որ գործողությունները պատասխանն են եղել Իսրայելի կողմից հրադադար ռեժիմի խախտումներին:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրի վրա իսրայելական գրոհների հետևանքով զոհերի թիվը հասել է 3783-ի, վիրավորվել է 11 հազար 699 մարդ: