18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

5 րոպեի ընթերցում

 

Հունիսի 13-15-ը Գյումրիում անցկացվում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեղինակավոր ստուգատեսին մասնակցում են 18 երկրի ավելի քան 540 մարզիկներ։ Ասիայի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մարզիկներ, մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ և հյուրեր։ Մրցաշարը, որը կազմակերպիչները բնութագրում են որպես իր մասշտաբներով աննախադեպ, Գյումրի է բերել ավելի քան 800 այցելուի։ 

Առաջնության շրջանակներում Գյումրին հյուրընկալել է Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության (IKO) նախագահ Ակիոշի Շոկեյ Մացուիին, ֆեդերացիայի տարբեր երկրների նախագահների, Հայաստանի Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանին։ 

Ակիոշի Շոկեյ Մացուին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաև Գյումրու՝ սպորտային նշանակալի ձեռքբերումներով քաղաքի համբավը, կարևոր դեր են ունեցել Ասիայի առաջնությունը հենց այստեղ անցկացնելու որոշման կայացման գործում:

«Մրցաշարը միավորում է Ասիայի տարբեր երկրների լավագույն մարզիկներին։ Այնքան շատ երկրներ ու մասնակիցներ կան, և մենք ակնկալում ենք տեսնել մեծ առաջընթաց ոչ միայն նորընծա մարտիկների, այլև եվրոպական ու ասիական բազմաթիվ երկրներում հաղթող ճանաչված մարզիկների կողմից։ Սա կարելի է համարել հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ»,- նշեց Շոկեյ Մացուին։

Խոսելով հայ մարզիկների մասին՝ նա հավելեց, որ Հայաստանն ունի շատ հայտնի անուններ, ինչպես օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը, ով լավագույն մարզիկ լինելուց բացի այժմ բարձրակարգ մարզիչ է։ «Այս Ասիայի առաջնությանը մասնակցում են աշխարհի ներկայիս առաջատար մարզիկները, այդ պատճառով հայ կարատեիստները լավ փորձ կստանան, ինչը մեծ հնարավորություն է նրանց հետագա աճի ու զարգացման համար», - ասաց նա։

Առաջնությունը Հայաստանում անցկացնելը կարևորեց նաև մրցաշարին ներկա՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Նման հեղինակավոր միջազգային մրցաշարերի անցկացումը մեր երկրում կարևոր նշանակություն ունի թե՛ սպորտի զարգացման, թե՛ Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից։ Դրանք հնարավորություն են տալիս հայ մարզիկներին մրցել լավագույնների հետ սեփական հարկի տակ, խթանում են երիտասարդների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ և նպաստում առողջ ու ակտիվ կենսակերպի տարածմանը։ Միջազգային սպորտային միջոցառումները նաև կարևոր հարթակ են ժողովուրդների միջև կապերի ամրապնդման, մշակութային փոխանակումների և Հայաստանի՝ որպես անվտանգ, հյուրընկալ ու միջազգային միջոցառումներ կազմակերպելու բարձր կարողություններ ունեցող երկրի ճանաչելիության բարձրացման համար։ Շնորհավորում եմ կազմակերպիչներին այս կարևոր նախաձեռնության համար և մաղթում հաջող մրցելույթներ բոլոր մասնակիցներին»,- «Արմենպրես»-ին ասաց Նազելի Բաղդասարյանը:

Կյոկուշին կարատեի միջազգային կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանուկյանի խոսքով՝ Հայաստանից առաջնությանը մասնակցում է 27 մարզիկ։ Նրա գնահատմամբ՝ մրցաշարը բացառիկ հնարավորություն է հայ մարզիկների համար՝ միջազգային փորձ ձեռք բերելու և ուժեղ մրցակիցների հետ ուժերը չափելու տեսանկյունից: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը Գյումրիում։ Բնականաբար, այն ոչ միայն Շիրակի մարզի, այլև ողջ Հայաստանի մարզական կյանքում նշանակալի նախաձեռնություն է։ Վստահ եմ, որ առաջնությունը կնպաստի մեր երկրի մարզական հեղինակության ամրապնդմանը միջազգային հարթակներում»,- ասաց Կարեն Մանուկյանը։

Հայաստանի Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում ունի այս մարզաձևի միջազգային զարգացման գործում, Եվրոպայի չեմպիոն է, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Հայաստանի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր։ Նա նույնպես կարևորեց իրադարձությունը. «Սա ինչպես անձնապես իմ, այնպես էլ Հայաստանի համար շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ է մեր երկրում տեղի ունենում այս մասշտաբի մեծ մրցաշար»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ նման մրցաշարերն ավելի շատ կանցկացվեն Հայաստանում։

Առաջնության ավարտից հետո տեղի կունենա նաև սեմինար, որը կվարի Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահ Ակիոշի Շոկեյ Մացուին։

 

 

 

Հայերեն Русский

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով

Արմեն Գրիգորյանն ու Հեքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը