5 րոպեի ընթերցում
Կոմիտասի ժառանգությունը կդառնա ավելի հասանելի. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պաշտոնապես մեկնարկեց վարդապետի արխիվների թվայնացման նախագիծը, որն իրականացվում է IBRS Council-ի և Komitas Museum-Institute-ի համագործակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պահպանել, համակարգել և միջազգային գիտական ու մշակութային հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի հարուստ արխիվային ժառանգությունը։
Միջոցառման հատուկ հյուրն էր համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական և բիզնես խորհրդատու Մարկ Չենյանը (Mark Chenian), UBS Financial Services-ի փոխնախագահը, որը Հայաստանում է մի շարք մշակութային, կրթական և միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նման նախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը Կոմիտասի ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։
«Երբ ամիսներ առաջ Մարկ Չենյանը եկավ Կոմիտասի տուն և ներկայացրեց իր գաղափարը, այն սկզբում անհավանական էր թվում։ Սակայն, ինչպես ինքն էր մեջբերում Էյնշտեյնի խոսքը, բոլոր մեծ գաղափարները սկսվում են մեծ երազանքներից։ Այսօր մենք հավաքվել ենք Կոմիտասի տանը՝ նախևառաջ մեր խորին երախտագիտությունը հայտնելու պարոն Չենյանին այն նախաձեռնության և տեսլականի համար, որը կյանքի է կոչվելու։
Լոնդոնից ձեռք բերված առաջին թվայնացման սարքը, որը պարոն Չենյանը նվիրել է թանգարանին, մեկնարկ է տալու կոմիտասագիտական թվային շտեմարանի ստեղծմանը։ Ես ասում եմ «Կոմիտասի տուն», որովհետև Կոմիտասը երբեք սեփական տուն չունեցավ, և պետության հոգածության ներքո գործող այս կենտրոնը, Մարկ Չենյանի նման նվիրյալ հայերի շնորհիվ, պետք է դառնա Կոմիտասի հարուստ ժառանգության ուսումնասիրության և կենտրոնացման կարևորագույն վայր»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ Մարկ Չենյանը սովորեցնում է երազել, և այս նախագիծը հենց այդ երազանքներից մեկն է։
«Սովորաբար մեր բարդ իրականության մեջ մոռանում ենք երազել, մինչդեռ նրա ամենամեծ առանձնահատկությունը երազելն ու այդ երազանքների հետևից գնալն է։ Նախորդ տարի Կիպրոսում էի։ Պարոն Չենյանն ինձ խնդրեց այցելել Մելքոնյան վարժարան։ Երբ տեսա, որ դարպասները փակ են, նրան գրեցի այդ մասին։ Նա պատասխանեց. «Դարպասներն անցյալն էին, դուք՝ ապագան»։
Պարոն Մարկ, դուք մեր ապագան եք, որովհետև այն երազանքները, որոնք ապրում են ձեր մեջ, փոխանցում եք մեզ։ Շնորհակալություն, որ կաք։ Շնորհակալություն նաև այն մարդկանց, ովքեր հավատում են պարոն Մարկի երազանքներին և օգնում դրանք իրականություն դարձնել»,- նշեց Մանուկյանը։
UBS Financial Services-ի փոխնախագահ Մարկ Չենյանը նշեց, որ իր գործունեությունը կարող է բնութագրել մեկ բառով՝ պարտականություն։
Նրա խոսքով՝ դեռ տասնամյակներ առաջ հասկացել է, որ հայ ժողովուրդը հսկայական ներդրում ունի համաշխարհային մշակույթի զարգացման գործում, սակայն այդ ժառանգությունը բավարար չափով հայտնի չէ աշխարհին։ Այդ բացը լրացնելու նպատակով տարիների ընթացքում տարբեր գաղափարներ և նախաձեռնություններ են ձևավորվել։
Մարկ Չենյանը պատմեց նաև, որ երկար տարիներ հետաքրքրվել է նոր տեխնոլոգիաների և դրանց կիրառման հնարավորություններով մշակութային ժառանգության պահպանման գործում։ Հետագայում, տեղեկանալով Կոմիտասի հարուստ արխիվների գոյության մասին, նախաձեռնել է դրանց թվայնացման ծրագիրը։ Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը ոչ միայն նյութերի թվային պահպանությունն է, այլև ապագայում Կոմիտասի ամբողջական թվային գիտական շտեմարանի ստեղծումը, որը հասանելի կլինի հետազոտողներին և մասնագետներին ամբողջ աշխարհում։
«Հուսով եմ՝ այս նախագիծը միայն սկիզբն է։ Հետագայում մենք կկարողանանք համախմբել մասնագետներին, ստեղծել Կոմիտասի ժառանգության ամբողջական թվային հարթակ և այն հասանելի դարձնել աշխարհին։ Այդպիսով Հայաստանը ևս մեկ անգամ կներկայանա որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր»,- ասաց Չենյանը։