Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գտնվող Բաղաբերդ ամրոցում այս տարվա մայիսին իրականացվել են հերթական հնագիտական պեղումները։

Արշավախմբի ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է կատարված աշխատանքների արդյունքներն ու ամրոցի վերականգնման ծրագրի ընթացքը։  

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից ամրոցի տարածքում պեղումներ իրականացվում են 2024 թվականից։ Բացի ամրոցն ուսումնասիրելու գիտահետազոտական նպատակը, պեղումներն ունեն նաև վերականգնման նախագծին աջակցելու և Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակներ։

«Մենք ամրոցի հողածածկ ավերակներում շարունակաբար նոր կառույցներ և սենյակներ ենք բացահայտում, որին հաջորդում են ճարտարապետների կողմից չափագրումը և ներառումը հուշարձանի վերականգնման-ամրակայման նախագծում։ Առաջիկա տարիներին պլանավորվող պեղումների նպատակն է շարունակաբար բացել նոր կառույցները ինչպես միջնաբերդում, այնպես էլ ամրոցի ստորին՝ պարսպակից հատվածներում, որոնք կամրակայվեն, կվերականգնվեն և զբոսաշրջիկների համար կդառնան առավել հասանելի ու ներկայանալի։ Միևնույն ժամանակ, ամրոցի գիտական ուսումնասիրություններով կփորձենք բացահայտել Բաղաբերդի պատմության քիչ հայտնի կամ անհայտ էջերը, հասկանալ ինչպիսի կենցաղով էին ապրում ամրոցի բնակիչները Սյունյաց իշխանության ծաղկման շրջանում, ինչպես անկում ապրեց ամրոցը և էլ ինչ իրադարձություններ տեղի ունեցան այստեղ հետագա դարերում»,- նշել է հնագետը։

Բաղաբերդի վերականգնման ծրագիրը ներառում է միջնաբերդի և բարձունքի լանջերին պահպանված պարիսպների, աշտարակների ամրակայում և մասնակի վերականգնում, ճեմուղիների կառուցում։ Այդ աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է դեպի ամրոց բարձրացող նոր ճանապարհի կառուցում, տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցում, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։  

Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, և հավանաբար հաջորդ տարվանից կմեկնարկեն շինարարական աշխատանքները։

Հնագետն ասել է, որ Բաղաբերդի այս տարվա հնագիտական աշխատանքները կենտրոնացած են եղել միջնաբերդի տարածքում՝ երկու տեղամասերում։

«Առաջին պեղավայրը միջնաբերդի հյուսիսային աշտարակի հարակից տարածքն էր, որտեղ բացահայտվել են պարսպակից նոր սենյակներ և միջանցքներ։ Երկրորդ պեղավայրը գտնվում էր միջնաբերդի ամենաբարձրադիր հատվածում, որտեղ շարունակվեցին 2025 թվականին մեկնարկած մեծ կառույցի ուսումնասիրությունները»,- ասել է Գրիգորյանը։

Նա չի բացառել, որ արդեն հաջորդ տարի պեղումները կընդլայնվեն նաև միջնաբերդից դուրս գտնվող տարածքներում։ Նրա խոսքով՝ հետազոտությունները շարունակաբար նոր ուղղություններ են ստանում, և ամրոցում դեռ բազմաթիվ չուսումնասիրված հատվածներ կան։

Հնագետը շեշտել է, որ Բաղաբերդը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան պատմության ընթացքում և մեր հարուստ պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններից է։ Այն նաև խորհրդանշում է պետականության գաղափարն ու Հայաստանի  անկախության համար ժողովրդի կատարած աշխատանքն ու մղած պայքարը։  

«Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև արժեքավոր գտածոներ։ Մասնավորապես, նախորդ տարիներին ամրոցի տարածքում գտնվել են 12-14-րդ դարերին թվագրվող կարասներ, սափորներ, քարե և մետաղյա կենցաղային առարկաներ, որոնք օգտագործել են ամրոցի բնակիչներն ու պաշտպանները առօրյա կյանքում»,-նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Բաղաբերդում նախկինում երբեք համակարգված հնագիտական պեղումներ չեն իրականացվել, իսկ նման մասշտաբի ամրոցների ամբողջական ուսումնասիրությունը կարող է տևել տասնամյակներ։ Այդ պատճառով էլ հետազոտությունները շարունակական բնույթ են կրելու և ամեն տարի նոր բացահայտումներ են խոստանում։

Բաղաբերդը միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից էր, բազմիցս հիշատակվում է հայ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում։ 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ Սյունյաց իշխանների համար, իսկ Սյունիքի թագավորության շրջանում (987-1170 թթ․) հանդիսացել է Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգի կենտրոնն ու միջնաբերդը։ Ամրոցը գտնվում է Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի տարածքում՝ Կապան-Քաջարան ճանապարհին։ Առաջիկա տարիներին այն հավակնում է դառնալ Սյունիքի մարզի զբոսաշրջային կենտրոններից մեկը և Կապան-Քաջարան արդյունաբերական շրջանի պատմամշակութային գրավչության խորհրդանիշը։

Հայերեն