Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը պատրաստվել է Եվրահանձնաժողովի կողմից, կթիրախավորի ֆինանսական կազմակերպությունները, էներգետիկայի և առևտրի ոլորտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք ներկայացնում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Մենք կենտրոնանում ենք ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտների վրա՝ էներգետիկա, ֆինանսական ծառայություններ և կրիպտոարժույթ, առևտուր՝ այդ թվում՝ ձկնորսություն, առաջին անգամ, և մենք արգելում ենք ռուսաստանցի նախկին մարտիկների մուտքը Եվրոպական միություն», - ֆոն դեր Լայենի հայտարարությունն է տարածել Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ ԵՄ պատժամիջոցները կտարածվեն ևս 31 բանկերի վրա, որոնց կարգելվի գործարքներ կատարել։ Բացի այդ, ցուցակում կընդգրկվեն երրորդ երկրներում 20 բանկեր, կրիպտոընկերություններ կամ հարթակներ և նավթային բրոքերներ։
Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ նոր արտահանման արգելքներ կսահմանի ավիատիեզերական և պաշտպանական ոլորտներում օգտագործվող մետաղների և համաձուլվածքների նկատմամբ։
Նաև առաջարկվում է ներմուծման նոր արգելք սահմանել մի շարք ապրանքների նկատմամբ՝ 60 միլիոն եվրո արժողությամբ։
Եվրահանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո պատժամիջոցների 21-րդ փաթեթը կներկայացվի ԵՄ խորհրդի քննարկմանը։ Պատժամիջոցների ընդունման համար կպահանջի բոլոր 27 անդամ պետությունների միաձայն որոշումը։