ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի
2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի 8-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն երբեք չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք երբեք չենք ասել, որ նրանք դա անում են։ Մենք դա չենք ասել, երբ մուտք ունեինք նրանց օբյեկտներ։ Եվ հիմա էլ չենք կարող ասել», - ասել է նա։
Գրոսին նշել է, որ Թեհրանը նախկինում միշտ չէ, որ լիարժեք պատասխանել է գործակալության հարցերին: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների պատճառով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գրեթե մեկ տարի զրկված է Իրանի միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունից, բացառությամբ Բուշերի ատոմակայանում վերջերս կատարված ստուգման:
Գրոսին նաև ակնկալում է, որ գործակալությունը զգալի ազդեցություն կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների վրա։
«Ես կարծում եմ, որ հասկանալի է, որ ԱԷՄԳ-ն շատ կարևոր դեր ունի խաղալու», - նշել է նա։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը չի մասնակցում ներկայիս համաշխարհային հակամարտությունների լուծմանը, և այս իրավիճակը պետք է փոխվի։
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հակամարտությունները բազմապատկվում են, և շատ տխուր է տեսնել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը չի մասնակցում այդ հակամարտությունների լուծմանը։ Իմ համոզմամբ՝ այդպես չպետք է լինի», - ասել է նա։