Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը մինչև քվեարկության օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել և նախաքննական մարմին է ուղարկել հանցագործության մասին շուրջ 100 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԸՀ-ում  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

«Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի կազմում գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։ Մարզային մակարդակում ևս ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնք տեղերում անմիջականորեն ղեկավարում են ոստիկանության ծառայողների գործունեությունը։

Բոլոր ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, ընտրատեղամասեր է գործուղվել 5239 ոստիկանության ծառայող։ Բացի այդ, կազմավորվել են օպերատիվ և պարեկային խմբեր։ Հանրապետության ողջ տարածքում հասարակական կարգի պահպանման նպատակով ստեղծվել են նաև պահեստային խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն ծառայություն իրականացնող ոստիկաններին»,- ասաց նա:

Վաչե Հովսեփյանի խոսքով՝ մինչ ընտրությունների օրը ոստիկանության կողմից իրականացվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչև ընտրության օրը կազմվել և նախաքննական մարմին է ուղարկվել հանցագործության մասին շուրջ 100 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«Քրեական վարույթները հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալուն, ստանալուն և միջնորդությանը։ Արձանագրվել են նաև բարեգործության արգելքի խախտման, հանրահավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու դեպքեր։

Նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվել Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության հետ։ Համատեղ միջոցառումների արդյունքում մի շարք վարույթների շրջանակում բացահայտվել են տվյալ հանցագործությունների լրացուցիչ դրվագներ»,- նշեց նա:

Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ Ներքին գործերի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ Օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը թեժ գծին ստացվել է 44 զանգ։

«Արձանագրվել է նաև կրկնաքվեարկության փորձի երկու դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե։ Եվս 53 դեպք գտնվում է ստուգման փուլում»,- ասաց Հովսեփյանը։

Նա հավելեց, որ ընտրությունների ավարտից հետո ոստիկանությունը կրկին հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի օրվա ընթացքում արձանագրված դեպքերը։

Հայերեն

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում