Մերձավան-Այգեկ ավտոճանապարհը հիմնանորոգվում է. ծրագիրը կբարելավի համայնքների և արտադրական գոտիների հասանելիությունը
4 րոպեի ընթերցում
Արարատի մարզում շարունակվում են Մերձավան-Այգեկ բնակավայրերը կապող տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Շուրջ 8,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի արդիականացումը նպատակ ունի ապահովել անվտանգ և հարմարավետ երթևեկություն ոչ միայն տեղի բնակիչների, այլև տարածքում գործող բազմաթիվ արտադրամասերի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում։
Ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են այնպես, որ հնարավորինս չխոչընդոտեն երթևեկությանը։
«Լինում են դեպքեր, երբ ժամանակավորապես միակողմանի փակում ենք ճանապարհը՝ երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեմայի համաձայն, որպեսզի աշխատանքները չխանգարեն երթևեկությանը և խցանումներ չառաջանան»,- նշել է Ավետիսյանը։
Տարիներ շարունակ քայքայված ասֆալտապատ և տեղ-տեղ գրունտային հատվածներով ճանապարհի փոխարեն կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան երթևեկելի ճանապարհ։ Նախագծով նախատեսված է ավելի քան կես մետր հաստությամբ ճանապարհային կառուցվածք՝ ավազակոպճային շերտով և C5 տեսակի երկշերտ ասֆալտբետոնե ծածկով։ Ծրագրի իրականացման համար պետությունը ներդրել է շուրջ 1 միլիարդ 380 միլիոն դրամ։
Արթուր Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ճանապարհահատվածում նախկինում արդյունավետ ջրահեռացման համակարգ չի գործել, մինչդեռ այժմ հիմնանորոգման շրջանակում բոլոր չորս հատվածներում ամբողջությամբ կկազմակերպվի ջրահեռացումը՝ բետոնե վաքերի միջոցով։ Նախագծում ներառված է նաև մայթերի կառուցումը։
Հանրապետությունում ճանապարհաշինությունը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախատեսված է շուրջ 500 կիլոմետր ճանապարհների նորոգման և հիմնանորոգման ծրագիր։ Եթե նախկինում աշխատանքների հիմնական մասը բաժին էր ընկնում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին, ապա այս տարի շեշտը դրվել է տեղական և համայնքային նշանակության ճանապարհների վրա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ այդ մոտեցումը պայմանավորված է նաև 300 դպրոցների կառուցման և վերականգնման պետական ծրագրով։
«500 կիլոմետր ճանապարհաշինարարական աշխատանքների շրջանակում շուրջ 100 կիլոմետր ճանապարհների վերականգնում է նախատեսվում հատկապես դպրոցներ տանող ճանապարհահատվածներում»,- նշել է նախարարի տեղակալը։
Միաժամանակ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք «Տուր օֆ Արմենիա» միջազգային հեծանվավազքի մրցաշարի համար։ Այդ նպատակով ճանապարհաշինական ծրագրերում ներառվել են նաև մրցաշարի երթուղիների բարեկարգման աշխատանքներ։
Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևանում ուսումնասիրվում են մրցաշարի երթուղիների այն հատվածները, որոնք կարող են խնդրահարույց լինել, և անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վերականգնման ու բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ։
Միևնույն ժամանակ ոլորտում շարունակաբար խստացվում է շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը։ Պատասխանատուների հավաստմամբ՝ սահմանված ստանդարտներին չհամապատասխանող աշխատանքները չեն ընդունվում, իսկ արձանագրված թերությունների վերացման ծախսերը հոգում են շինարարական կազմակերպությունները՝ սեփական միջոցների հաշվին։