Քաղաքականություն

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում