ԱԳ նախարարը հազվագյուտ հանքանյութերի ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության կոնկրետ արդյունքներ է ակնկալում
3 րոպեի ընթերցում

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում ստորագրված հուշագիրը միայն սկիզբն է, և առաջիկայում հնարավոր են արդեն կոնկրետ ներդրումային ու գործնական դրսևորումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
«Այո, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների վերաբերյալ փաստաթուղթը հուշագիր է, և դրան պետք է հետևեն տարբեր կոնկրետ պայմանավորվածություններ, տարբեր կոնկրետ գործարքներ։ Ինչպես հաճախ է լինում, դեռ թանաքը թղթի վրա չչորացած՝ ունենում ենք քննադատությունների և կասկածամտության տեղատարափ, երբ մատնանշվում է, թե սա ընդամենը հուշագիր է, ոչինչ չի աշխատելու։ Սակայն հիշեցնեմ, որ անցած տարվա օգոստոսի 8-ին արհեստական բանականության և կիսահաղորդիչների վերաբերյալ ստորագրված հուշագրից շատ չանցած մենք տեսանք կիսահաղորդիչների մուտքը Հայաստան և այդ շրջանակում արհեստական բանականության տվյալների կենտրոնի շուրջ գործունեության ծավալումը»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Նրա խոսքով՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների վերաբերյալ ևս կառավարությունները միջավայրեր են ստեղծում, պայմաններ են ձևավորում, կանոններ են սահմանում և ուղերձներ հղում իրենց բիզնեսներին՝ նշելով, որ ջանքեր կգործադրեն համագործակցությունը հեշտացնելու համար։
«Չեմ թաքցնի՝ արդեն կան նախնական պատկերացումներ ներդրումների ոլորտում, բայց հիմա չեմ շտապի դրանք բարձրաձայնել, որովհետև դրանք դեռ նախնական մտքերի փոխանակության փուլում են։ Թող խոսակցությունները կենտրոնանան, ընկերությունները երկուստեք հետաքրքրությունները շոշափեն։ Բայց կհամարձակվեմ ասել, որ առաջիկայում կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների պարագայում ևս կտեսնենք շատ կոնկրետ դրսևորումներ»,- ասել է Միրզոյանը։
Ավելի վաղ, Հայաստանը և ԱՄՆ-ը շրջանակային հուշագիր էին ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակում։