Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հիվանդ երևակայության արդյունք որակեց «Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին թեզը

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հիվանդ երևակայության արդյունք որակեց «Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին թեզը

Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից շրջանառվող թեզը, թե իբր «առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են բնակեցվելու Հայաստանում»։

«Դե ինչ, ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անմտություն է։ Ավելին՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես տարրական ուղեղի բջիջների մակարդակով չի հասկանում, թե ինչ է ասվում, կամ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, իհարկե, անօգուտ, սեղմել հասարակության համար ցավոտ կետերի վրա։ Ընդ որում, ես չգիտեմ՝ այդ մարդը, որն անընդհատ այս անհեթեթությունը կրկնում է, նրա շահերի տեսանկյունից ո՞րն է ավելի լավ պատճառը, այն, որ ինքը դա կրկնում է, որովհետև չի հասկանում, թե՞ այն, որ ինքը կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն»,- ասել է Միրզոյանը։

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե իսկ քանի՞ ադրբեջանցիների բնակեցման մասին է խոսք գնում՝ Միրզոյանը պատասխանել է. «Ոչ մի»։

Գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում իբր 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու թեզը ակտիվորեն շրջանառում են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հերքել է այդ հայտարարությունները՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում նման հարց երբեք չի քննարկվել ու չի քննարկվում։  Չնայած հերքումներին՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ակտիվորեն շարունակում են շրջանառել այդ թեզը՝ պատրաստելով  ու տարածելով նաև արհեստական բանականությամբ գեներացված հոլովակներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում