Քաղաքականություն

Միրզոյանը վերահաստատեց, որ ՀՀ-ն չի ցանկանում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը վերահաստատեց, որ ՀՀ-ն չի ցանկանում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանի իշխանություններն որևէ ցանկություն չունեն լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակի հարցին անդրադարձել է մայիսի 26-ի ասուլիսին։

«Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ոչ ուղիղ, ոչ էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցության մեջ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր։ Բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, հույս ունենք և տրամադրված ենք  առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել ու գտնել լուծումներ»,-ասաց Միրզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ հակվածություն կա Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանման խնդիրները կապել երկու երկրների հարաբերությունների, Հայաստանի պրոեվրոպական, պրոարևմտյան քաղաքականության կամ ընտրությունների հետ, սակայն այդպիսի խնդիրներ միշտ էլ եղել են։

Ըստ Միրզոյանի՝ ջանք գործադրելու դեպքում յուրաքանչյուրը կարող է գտնել Հայաստանից Ռուսաստան միրգ-բանջարեղենի կամ ալկոհոլային խմիչքի արտահանման խնդիրներ նաև 5-25  տարի առաջ։

Արտգործնախարարը, միաժամանակ, ընդգծեց, որ ՀՀ-ն հրապարակային բազմիցս հայտարարել է տնտեսական դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։

 «Դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է և մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար»,-ընդհանրացրեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում