Ժաննա Անդրեասյանն ու Սեդրակ Մամուլյանը հուշագիր են ստորագրել ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ համագործակցության մասին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համագործակցության շրջանակում կողմերի համատեղ ներդրումներ կկատարվեն Երևանի արհեստի պետական քոլեջում՝ խոհարարության ոլորտում կրթության և ուսուցման որակի բարձրացման, անհրաժեշտ ուսումնագործնական միջավայրի ապահովման, մանկավարժական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, զարգացման այլ ծրագրերի իրականացման նպատակով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ձևավորվող համագործակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոհարարության մասնագիտության նկատմամբ ձևավորվել է մեծ պահանջարկ՝ պայմանավորված ինչպես զբոսաշրջային հոսքերի աճով, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 35 %-ով, այնպես էլ սպասարկման ոլորտի ակտիվ ընդլայնմամբ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր ուսումնական հաստատություններում, որոնցում դասավանդվում է խոհարարություն, արձանագրվում է դիմորդների թվի աճ, ուստի շատ կարևոր է կրթական ծրագրերի բովանդակության որակը։

«Խոհարարական կրթական ծրագրերում ավելի մեծ շեշտադրում կատարելով ազգային խոհանոցի վրա՝ կնպաստենք խոհարարություն մասնագիտության և հայկական խոհանոցի զարգացմանը։ Սա կարևոր եմ համարում նաև մեր երկրում մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, որովհետև խոհանոցը մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Երիտասարդ սերունդն իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա պահպանել և զարգացնել հայկական խոհանոցը, ինչպես նաև այն ներկայացնել թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ երկիր այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի պատրաստել ազգային խոհանոցին տիրապետող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն հայկական խոհանոցի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկնարկող կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ նաև հետազոտական նոր ծրագրերի և ազգային խոհանոցի շարունակական զարգացման համար։

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի ասոցիացիայի ներդրումը հայկական խոհանոցի զարգացման գործում, ինչպես նաև համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ այն գնահատելով որպես հայկական խոհարարական կրթության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ հայկական խոհանոցը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որը կկապի կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ազգային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել՝ Արհեստի քոլեջում ձևավորվող փորձն ու մասնագիտական ներուժը հնարավոր կլինի փոխանցել և կիրառել նաև այլ ուսումնական հաստատություններում: 

Անդրադարձ է կատարվել նաև հայկական ազգային խոհանոցը որպես ամբողջական մշակութային երևույթ արժևորման և հանրահռչակման հարցին։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային ուտեստների շտեմարանի ստեղծման և պարբերաբար արդիականացման աշխատանքները, ինչպես նաև հայկական խոհանոցի՝ որպես մշակութային արժեքի ճանաչման հեռանկարները։

Քննարկվել են նաև ազգային խոհանոցի դասավանդման զարգացմանը, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ընդլայնմանը, վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացմանը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։  

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ