Հայաստանում իրականացվում են Սևանի կողակի և կարմրախայտի պաշարների վերականգնման ծրագրեր
2 րոպեի ընթերցում

Սևանա լճի և Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանության նպատակով իրականացվում են նոր ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսվում է վերականգնել Սևանի կողակի և կարմրախայտի բնական պաշարները։
Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։
«Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։ Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար»,-նշել է նախարարը։
Համբարձում Մաթևոսյանն ավելացրել է նաև, որ ՀՀ կառավարությունը համակարգային մոտեցում է որդեգրել գետային էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ։ Այդ շրջանակում առաջին անգամ հավաքագրվել է կարմրախայտի ծնողական կազմ՝ արժեքավոր ձկնատեսակի վերարտադրության նպատակով։
Արհեստական վերարտադրության արդյունքում արդեն ստացվել է շուրջ 80 հազար մանրաձուկ, որոնցից 50 հազարը 2026 թվականին բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։
Նախախարը վստահեցնում է, որ ծրագրերը կարևոր քայլ են Հայաստանի գետային կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգերի կայուն կառավարման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ բնական ռեսուրսների վերականգնումը ՀՀ կառավարության բնապահպանական քաղաքականության առաջնահերթություններից է՝ հիմնված հետևողական և գործնական քայլերի վրա։