Սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքիայի կողմից արդեն սկսվել է և երկաթուղին բացվելու է, մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանին և Թուրքիային շնորհակալություն հայտնեց Ախալքալաք–Կարս երկաթուղին՝ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացելու կապակցությամբ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։