Հաջորդ 5 տարիներին կարևորագույններից է լինելու ջրի խնդիրը. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության համար հաջորդ 5 տարիների կարևոր խնդիրներից է լինելու խմելու և ոռոգման ջրի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր էլ հսկայական աշխատանք ենք արել խմելու ջրի ոլորտում, հանրապետությունում հարյուրավոր կիլոմետրեր ջրագծեր ենք կառուցել, բայց այսօր ջրի խնդիրը դեռևս հանրապետությունում չեմ կարող ասել, որ լուծված է: Այնուամենայնիվ, հաջորդող 5 տարիներին մեզ համար այն լինելու է առաջնահերթություն»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Սառնաղբյուր բնակավայրին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ տեղի մանկապարտեզի վերակառուցումը կավարտվի 2 ամսից, իսկ դպրոցի վերակառուցման ծրագիրն ընթացքում է:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։