Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի բնակիչներին է ներկայացրել վերջին շրջանի ձեռքբերումների մի մասը
4 րոպեի ընթերցում
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 22-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Նոր Նորք վարչական շրջան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են փողոցներում, բաժանել քարոզչական թռուցիկներ, զրուցել քաղաքացիների հետ և հիշեցրել տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին։
Փաշինյանը նշել է, որ, շրջելով Նոր Նորքում, որտեղ հարգելի պատճառներով վաղուց չի զբոսնել, ուսումնասիրել է շրջակայքն ու փաստել, որ քիչ չեն կառուցվող ու կառուցված բազմաբնակարան շենքերը։ «2018 թվականից մենք ՀՀ քաղաքացիներին ուղիղ 1 մլրդ դոլարի աջակցություն ենք տրամադրել բնակարանների ձեռքբերման համար, 54 ամենատարբեր՝ եկամտային հարկի, սահմանամերձ գյուղերում 16 մլն դրամի, երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման աջակցության և մի շարք այլ ծրագրերով շարունակում ենք աջակցությունը։ Որոշ ժամանակ անց մենք անցնում էինք «Տորք Անգեղ» պուրակի մոտով և ինձ համար մեծ պատիվ էր այնտեղ ծառ տնկելը։ Գործընկերներս առաջարկել էին, որ այն կոչվի «Խաղաղության ծառ», և այդպես էլ արեցինք։ Այդ այգում աննախադեպ ներդրումային ծրագիր է իրականացվում, որի հիմնական նպատակը լինելու է Նոր Նորքի բնակչության կյանքի որակի փոփոխությունը։ Ես չեմ հիշում, որ Նոր Նորքում այդ ծավալի զբողայգի զրոյից կառուցված լինի»,-ընդգծել է նա։
Փաշինյանին տպավորել է նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցը, որը, ըստ նրա, յուրահատուկ հմայք է բերելու Նոր Նորքին։ Շինարարները հավաստիացրել են, որ հուլիսին շինարարությունը կավարտվի։
«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ որակի դպրոց ոչ միայն Նոր Նորքում, այլև առհասարակ Հայաստանում չի եղել»,-շեշտել է նա։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև խաղահրապարակներից ու խոստացել, որ հաջորդ հինգ տարվա ընթացքում կառուցելու են հարյուր կոմբինացված խաղադաշտ, որոնք կլինեն և՛ բասկետբոլի, և՛ ֆուտբոլի համար։
«Մտադիր ենք կառուցել ևս հարյուր սպորտդպրոց, արվեստի, երաժշտական դպրոցներ։ Առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտում ենք ու սկսում ենք հաջորդ 300 դպրոցի ծրագիրը։ Այն ամենը, ինչ արել ենք՝ դպրոցներ, թոշակների բարձրացում, առողջապահության համակարգ և այլն, հնարավոր է դարձել ՀՀ պետական բյուջեի կրկնապատկմամբ. 2025 թվականին 2017 թվականի համեմատ ՀՀ պետական բյուջեն 135 տոկոսով աճել է։ 2018-ից մինչ օրս 6.6 մլրդ լրացուցիչ դոլար է մուտք գործել Հայաստանի պետական բյուջե։ 2018-ից ի վեր ավելի քան 8 մլրդ դոլարի յուրացված, ստվերայնացված գույք և դրամական միջոցներ ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։ Այդ հաշվարկի մեջ չի մտնում Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը դե ֆակտո պետության կառավարման ներքո է և շուտով դե յուրե կլինի պետական սեփականություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։