Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի գնումներին
2 րոպեի ընթերցում

Չնայած Իրանի շուրջ պատերազմի պատճառով էներգակիրների գների աճին, Եվրոպական միությունը ոչ մի պարագայում չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի նույնիսկ մասնակի գնումներին և չի մեղմացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես դա արել են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Euronews-ի հետ հարցազրույցում։
Նա հավելել է, որ առայժմ Եվրոպական հանձնաժողովը չի անհանգստանում ԵՄ երկրներում էներգամատակարարումների խախտումների առնչությամբ։
ԵՄ հանձնակատարի խոսքով՝ 2022 թվականին Ռուսաստանը փորձել է հանածո վառելիքի մատակարարումներն օգտագործել «որպես շանտաժի և մանիպուլյացիայի գործիք», և Եվրոպան Ռուսաստանից կախածության համար ծանր գին է վճարել։
«Հետևաբար, դրան վերադառնալու իմաստ չկա։ Մենք արդեն դիվերսիֆիկացրել ենք մեր աղբյուրները, ԵՄ-ի համար խողովակաշարային գազի հիմնական աղբյուրն այժմ Նորվեգիան է, հեղուկացված բնական գազի մեր հիմնական աղբյուրը՝ Միացյալ Նահանգները։ Ընդունվել է ռազմավարական որոշում՝ լիովին հրաժարվել ռուսական նավթից և գազից, և մենք կհետևենք դրան», - ասել է Դոմբրովսկիսը։
2026 թվականի սկզբին ԵՄ-ում հաստատել են 2027 թվականից Եվրամիության բոլոր երկրների կողմից ռուսական գազի գնումների ցանկացած ձևի անժամկետ արգելքը՝ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքից: