Պաոլո Սորենտինոյի «Շնորհ» ֆիլմով Երևանում մեկնարկեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը

4 րոպեի ընթերցում

Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 21-27-ը Երևանում, մեկնարկեց իտալացի ականավոր կինոռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Շնորհ» ֆիլմի ցուցադրությամբ։ 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի կինոյի տանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ փառատոնը կինոյի երկրպագուներին հնարավորություն կտա դիտել ֆիլմեր և ապրել պատմություններ, որոնք մարտահրավերներ են նետում, հուզում են և ոգեշնչում: Ըստ նրա՝ կինոն միավորում է բոլորին: 

«Սերգեյ Փարաջանովն ասել է. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»: Նրա խոսքերը փոխանցում են մեր փառատոնի շունչն ու ոգին: Կինոն դիմադրություն է, ապրումակցում է, սեր է և հույզ: Կինոարվեստը պարզապես ժամանց չէ, այն նաև սեր է փոխանցում»,-ասաց Մարագոսն ու հավելեց՝ փառատոնային ֆիլմերը յուրահատուկ են և արտացոլում են եվրոպական զգացմունքայնությունը, ցույց են տալիս, թե ով են եվրոպացիները և ինչն է ձևավորում եվրոպական կյանքն ու մշակույթը:

Կինոփառատոնի շրջանակում «Ֆիլմադարան» ՀԿ-ն վավերագրական կինոպրոդյուսերության 7-օրյա աշխատարան է անցկացնում, որը ղեկավարում է պրոդյուսեր Շտեֆանի ֆոն Լուկովիչը: Հայաստանից ինը ռեժիսոր-պրոդյուսեր հնարավորություն ունի ձեռք բերել հմտություններ՝ սեփական նախագծերը զարգացնելու համար: Աշխատարանի մասնակիցներից մեկի նախագիծն էլ զարգացման նպատակով դրամական աջակցություն կստանա:

«Հայաստանն ունի գեղեցիկ կինոավանդույթներ և շատ կարևոր է, որ հնարավոր լինի կապել այդ ավանդույթներն ու ցույց տալ, թե որքան մոտ ենք մենք: Հույս ունեմ, որ երիտասարդ ստեղծագործողների գաղափարները թույլ կտան Հայաստանը ներկայացնել այլ փառատոններում ևս»,-ասաց դեսպանը:

Նա խոստովանեց, որ հայկական կինոյի սիրահար է: Յուրահատուկ է համարում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն», որը երեք անգամ է դիտել, Ամասի Մարտիրոսյանի «01-99» կինոնկարները:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերատին էլ ընդգծեց, որ մշակույթը շատ կարևոր դերակատարություն ունի նաև ժամանակակից Եվրոպան ներկայացնելու գործում: «Դա նաև դրսևորվում է նրանով, որ այդ ժամանակակից մշակույթը ձևավորվում են այնպիսի վարկանիշային երկրներ և մշակույթի կենտրոններ, ինչպիսին Իտալիան է: Սա Իտալիայի, մեր երկրի մասին է, որի կինոգործունեությունը դարձել է մեծ ժառանգություն, որն աշխարհն է ճանաչում»,-նշեց նա և հավելեց՝ Ֆեդերիկո Ֆելինին, Պաոլո Սորենտինոն և այլ մեծեր պարզապես իտալացիներ կամ Իտալիայի քաղաքացիներ չեն, նրանք պատկանում են աշխարհին, ստացվում է՝ նաև Հայաստանին:

Սորենտինոյի ֆիլմերը երկու անգամ որպես «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ» արժանացել են Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին։ Նրա կինոնկարները մշտապես Կաննի, Վենետիկի և այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոնների էկրաններին են։

«Շնորհ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի օգոստոսին Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնում։

Եվրոպական կինոարվեստի երկրպագուները փառատոնի շրջանակում կարող են դիտել նաև ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Ֆրանց» ֆիլմը, «Կապույտ հավալուսն» կինոնկարը, որի ռեժիսորը Լասլո Չակին է, ռեժիսոր Պաոլա Կորտելեսի «Վաղը դեռ կա», Յաննիս Սմարագդիսի «Կապոդիստրիաս», Ռիչարդ Լինքլեյթերի «Նոր ալիք», Յիրի Մադլի «Ալիքներ» ֆիլմերը։

Բոլոր ցուցադրությունները տեղի են ունենալու Կինոյի տան մեծ դահլիճում։ Հանդիսատեսը ֆիլմերը կդիտի բնօրինակով, հայերեն և անգլերեն ենթագրերի ուղեկցությամբ։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։

 

 

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին