Մարզեր

Նորաբակ գյուղում հայտնաբերվել է զարգացած միջնադարով թվագրվող երկաթյա նիզակի ծայրակալ

2 րոպեի ընթերցում

Նորաբակ գյուղում հայտնաբերվել է զարգացած միջնադարով թվագրվող երկաթյա նիզակի ծայրակալ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ գյուղի տարածքի հնավայրից գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում հողի տակից գտնվել է նիզակի երկաթյա ծայրակալ, որը գտնող անձը՝ Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասադուրյանը, այն փոխանցել է «Գեղամա աշխարհ» մարզային թերթի խմբագրությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, մոտ 30 սանտիմետր երկարության նիզակի ծայրակալի լուսանկարն ուղարկվել է ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների ուշադրությանը՝ այն ուսումնասիրելու եւ դրա պատրաստման ժամանակաշրջանը որոշելու նպատակով։ Ինչպես «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրությանը փոխանցեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ հենվելով մասնագետների եզրակացության վրա, նիզակի երկաթյա ծայրակալը պատրաստվել է զարգացած միջնադարում՝ 9-12-րդ դարերի ընթացքում, երբ Նորաբակ գյուղը գտնվում  էր Սյունյաց նահանգի Սոթք գավառի կազմում։

«Նիզակի ծայրակալը գտնվել է Նորաբակի հյուսիսարեւելյան կողմի հատվածում, վարելահողերի կողքին գտնվող հանդամասից, որից քիչ հեռվում գետնի վրա նկատելի են նաև ինչ-որ կառույցի քարե սյուների երկու խարիսխներ։ Նիզակի ծայրակալի գտնվելու վայրում հողի տակից հաճախակի են դուրս գալիս կժերի, կարասների, կուլաների մնացորդներ, ինչը հուշում է, որ մենք գործ ունենք հին ժամանակների բնակատեղիի հետ»,-ներկայացրեց Նորաբակի վարչական ղեկավարը։

«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրի հավաստմամբ՝ վաղվանից Նորաբակի նիզակի նորահայտ ծայրակալը կհամալրի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտական արժեքների շարքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում