6 րոպեի ընթերցում
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 21-ին քարոզարշավ է անցկացնում Արարատի մարզում։
Կուսակցության ներկայացուցիչների առաջին կանգառը եղել է Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրը։
Գեղանիստում բնակիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ գնո՞ւմ է Հայաստանի անկախության պահպանման ու զարգացման հետևից, գնո՞ւմ է պետությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունն ամրապնդելու հետևից, թե՞ ոչ։
«Ի՞նչ է պետք մեզ խաղաղ ու անկախ լինելու համար։ Մեզ պետք է խաղաղություն և պետություն, որովհետև, եթե մենք կարողանում ենք մեր տարածաշրջանում առանց արտաքին աջակցության ապրել, դա մեզ համար շանս է, որ մենք լինենք խաղաղ, լինենք բարեկեցիկ, լինենք պետություն։ Պատկերացրեք, որ դուք ձեր հարևանների հետ չեք կարողանում ոչ մի կերպ ապրել։ Այդ դեպքում ձեզ անընդհատ պետք է լինելու ինչ-որ մեկի օգնությունը, իսկ դա նշանակում է, որ դուք կորցնում եք ձեր խաղաղությունը, հոգու խաղաղությունը, դուք չեք կարողանում ապրել ձեր միջավայրում։ Եվ մենք ի՞նչ հասկացանք, մենք հասկացանք, որ եթե մենք ուզում ենք լինել պետություն, պետք է սովորենք մեր միջավայրում առանց արտաքին օգնության պարել։ Արտաքին միջամտությունները մեզ թույլ չեն տալու խաղաղ ապրել։ Նախկինում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսելու համար մենք երրորդ երկրների միջոցով խաբար էինք ուղարկում, երրորդ երկրի միջոցով պատասխան ստանում։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ երկրները նույնն էին, այդ երկրները տարբեր էին։ Բայց հետո մենք հասկացանք մի ընդհանուր բան, որ սովորաբար ո՛չ մեր ուղարկած խաբարն է ճիշտ հասնում, ո՛չ էլ մեզ ուղարկված պատասխանն է ճիշտ հասնում։ Ընդ որում, միշտ չէ, որ չարամտորեն այդպես են արել, որովհետև կան նրբություններ, կա տարածաշրջանային մենթալիտետ, որը մարդիկ չեն հասկացել»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ, այդ երևույթին առերեսվելով, հասկացել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարկավոր է ուղիղ խոսել։
Խոսելով ղարաբաղյան հարցի լուծման բանակցությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ գործընթացի ամբողջ ընթացքում միջնորդները միշտ սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ լուծումը հնարավոր չլինի, գրել են բառեր, որոնք 65 տարբեր մեկնաբանություն կունենա։ «Մեր նախկին քաղաքական վերնախավը մինչև հիմա սա չի հասկացել։ Ես այսօր լսում եմ, թե ինչ են խոսում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները և սարսափով եմ արձանագրում, որ այդ մարդիկ չեն էլ հասկացել, թե ինչ են խոսում, ինչի հետ են խոսում, ինչի հետ են գործ ունեցել։ Եվ ես ուրախ եմ, որ մենք այդ կամքն ունեցել ենք, որովհետև հակառակ դեպքում մենք այս կետին չէինք հասնի։ Իսկ այդ կետն այն է, որ մենք ոչ միայն ունենք պետություն, այլև առաջիկա տասնամյակներում և հարյուրամյակներում մեր պետության լինել-չլինելը միայն ու միայն մեր որոշելիք հարցն է։ Մենք այս ճանապարհն անցել ենք և մեր ձեռքերը հասցրել ենք մեր ճակատագրի ղեկին։ Այսօր մեր ճակատագրի ղեկը միայն ու միայն մեր ձեռքերում է։ Սա չի նշանակում, որ մենք դարձել ենք գերտերություն, սա նշանակում է, որ մենք կարող ենք տեսնել ճանապարհը, կարող ենք գնահատել իրավիճակը և կարող ենք ապահովել մեր հետագա ընթացքը»,- նշել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ վերը նշված ապահովելու համար կարևոր է առաջիկա ընտրություններում տեր կանգնել խաղաղությանը և պետությանը։ «Ես ձեզ բոլորիդ հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով 16-րդ քվեաթերթիկով»,- եզրափակել է Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այս պահին Մասիս քաղաքում են։ Քարոզարշավային օրվա ընթացքում ՔՊ ներկայացուցիչները լինելու են նաև Այնթափում Վերին Արտաշատում, Սուրենավանում, Արարատ գյուղում, Արարատ քաղաքում, Վեդիում, Ուրցաձորում, Տափերականում, Արտաշատում։
Ժամը 20։00-ին նախատեսված է կուսակցության հրավիրած հանրահավաքը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։