ՔՊ-ն շարունակում է քարոզարշավը Լոռու մարզում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է Լոռու մարզում  կուսակցության քարոզարշավային երկրորդ օրվա ծրագիրը։

Կուսակցության ներկայացուցիչները՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օրվա ընթացքում կլինեն Շնողում, Ախթալայում, Ալավերդիում, Սանահինում, Թումանյանում, Մարգահովիտում, Վանաձորում։

Ժամը 20։00-ին Վանաձորի Հայքի հրապարակում նախատեսված է կուսակցության հանրահավաքը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայերեն Español