Podcast. Կանանց չվճարվող աշխատանքի ցուցանիշը դեռևս անհամեմատ բարձր է, իսկ զբաղվածության մակարդակը՝ ցածր

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ միտված գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու առկա խնդիրների հասցեագրմանը։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը մանրամասնեց, որ առաջին ուղղությունը վերաբերում է որոշումների կայացման գործընթացում կանանց առաջխաղացմանը։  Երկրորդ կարևոր առաջնահերթությունն աշխատաշուկայում առկա գենդերային խզվածքի հաղթահարումն է, քանի որ Հայաստանում կանանց զբաղվածության մակարդակը դեռևս զիջում է տղամարդկանց ցուցանիշներին։

Ռազմավարության հաջորդ բաղադրիչը կրթության և գիտության ոլորտում գենդերային հավասարության հաստատումն է, մասնավորապես՝ բարձր վարձատրվող ոլորտներում կանանց ներգրավվածության խթանումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև խոցելի խմբերի կանանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը։

Առանցքային ուղղություններից մեկն էլ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարն է։ Այս ոլորտում նախատեսվում է ինչպես աջակցության մեխանիզմների, այնպես էլ պաշտպանության միջոցների կատարելագործում։

Գենդերային հավասարության ոլորտում Հայաստանը սահմանել է նաև  առաջնահերթություն՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով հատկապես կանանց ու խոցելի խմբերի վրա ծանր անդրադարձող բացասական ազդեցությունների հաղթահարման վերաբերյալ։

Անդրադառնալով, մասնավորապես, ընտանեկան բռնության վիճակագրությանն ու պետական աջակցության ծրագրերին՝ Ալավերդյանը նշեց, որ այս ուղղությամբ նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ապահովում է մասնագիտացված աջակցության ծառայություններ։

Գործում են աջակցության կենտրոններ, որտեղ ընտանեկան բռնության ենթարկված անձինք կարող են ստանալ իրավաբանական, սոցիալական և հոգեբանական աջակցություն։

Բացի այդ, գործում են ապաստարաններ, որոնք աշխատում են փակ և գաղտնի ռեժիմով։ Ներկայում նախարարությունը ֆինանսավորում է երեք ապաստարան, որոնց հիմնական նպատակը կանանց և երեխաներին անվտանգ կացարան տրամադրելն է։ Շահառուներին տրամադրվում է նաև ֆինանսական աջակցություն՝ առաջնային կարիքները հոգալու համար։

Աջակցության կենտրոնների ծառայություններից անցած տարի օգտվել է 2137 մարդ։ Ըստ Ալավերդյանի՝ այս ցուցանիշի աճը միաժամանակ ունի թե՛ դրական, թե՛ մտահոգիչ կողմեր․ մի կողմից, որ դեպքերն ավելի հաճախ են բարձրաձայնվում և ծառայությունները դառնում են հասանելի, մյուս կողմից՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում դեռևս մեծ աշխատանքների անհրաժեշտության մասին են վկայում։

Գենդերային հավասարության ոլորտում Ալավերդյանը կարևորեց որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ընդլայնումը։

Նրա դիտարկմամբ՝ Ազգային ժողովում կանանց 30 տոկոս ներկայացվածության քվոտայի սահմանումից հետո այժմ խորհրդարանում կանանց մասնակցությունը գերազանցում է 36 տոկոսը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, դեռ անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել համայնքային մակարդակում՝ համայնքապետերի և ավագանիների կազմում կանանց մասնակցության բարձրացման ուղղությամբ։

Վերջին շրջանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղական և միջազգային գործընկերների հետ ուսումնասիրում է կանանց չվճարվող աշխատանքի խնդիրը։

Ըստ մեր զրուցակցի՝ վերջին հետազոտություններով տղամարդկանց վճարվող աշխատանքի ցուցանիշը կազմում է շուրջ 90 տոկոս, մինչդեռ կանանց դեպքում՝ 56 տոկոս։ Փոխարենը կանանց չվճարվող աշխատանքի ծավալը հասնում է 43.7 տոկոսի, տղամարդկանցը՝ ընդամենը 9.7 տոկոսի։

Խոսքը վերաբերում է երեխայի խնամքին, կենցաղային գործերին, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին, որը հիմնականում կանանց ուսերին է և սահմանափակում է նրանց տնտեսական ակտիվությունը և աշխատաշուկայում ներգրավվածությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետն անդրադարձավ ոլորտում առկա մի շարք այլ կարևոր խնդիրների և իրականացվող պետական ծրագրերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և Podcast-ում

Հայերեն

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է