Երևանի Կենտրոն վարչական շրջանում բակային տարածքների բարեկարգման լայնածավալ ծրագրեր են իրականացվում
7 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման և նոր խաղահրապարակների կառուցման աշխատանքները։ Այս պահին վարչական շրջանում ընթացքի մեջ է շուրջ 15 բակային տարածքի վերանորոգում, իսկ ամբողջ մայրաքաղաքում տարեկան բարեկարգվում է ավելի քան 130 բակ։ Ծրագրերն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ ապահովելով անվտանգ, ներառական ու ժամանակակից հանրային միջավայրեր բնակիչների համար։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին բակային տարածքների բարեկարգումը դարձրել է քաղաքային զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը նպատակ ունեն ոչ միայն բարելավել բակերի արտաքին տեսքը, այլև ստեղծել հարմարավետ, անվտանգ և ակտիվ համայնքային միջավայր բոլոր տարիքային խմբերի բնակիչների համար։

Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նշում են պատասխանատուները, այս պահին իրականացվում են շուրջ 15 բակային տարածքների ընթացիկ և հիմնանորոգման աշխատանքներ։ Նախորդ տարի վարչական շրջանում բարեկարգվել է մոտ 20 բակ, և այս տարի ևս նախատեսվում է իրականացնել նույն ծավալի աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ Երևանում տարեկան կառուցվում և վերակառուցվում է շուրջ 130 բակային տարածք։
Բակերի ընտրությունը կատարվում է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա։ Հաշվի են առնվում բնակչության խտությունը, երեխաների քանակը, տարածքների փոխադարձ հեռավորությունը, ինչպես նաև տվյալ թաղամասի հանրային միջավայրի անհրաժեշտությունները։ Մասնագետները կատարում են համալիր ուսումնասիրություն, որից հետո որոշվում է՝ որտեղ պետք է կառուցվի խաղահրապարակ, որտեղ՝ սպորտային գոտի, իսկ որ տարածքներում է անհրաժեշտ ամբողջական բարեկարգում։

Նոր խաղահրապարակները նախագծվում են մասնագետների կողմից՝ պահպանելով անվտանգության և ժամանակակից քաղաքաշինական բոլոր չափանիշները։ Նախագծերում ներառվում են թեքահարթակներ, հասանելի միջավայրեր, անվտանգ խաղասարքեր և հանրային գոտիներ, որոնք հարմար են տարբեր տարիքային խմբերի համար։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներառականությանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կառուցվող բոլոր խաղահրապարակներն ապահովված են հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիությամբ։ Բացի այդ, վերջին տարիներին կառուցված մի շարք խաղահրապարակներում տեղադրվել են հատուկ խաղային էլեմենտներ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Այդ ծրագրերից որոշներն իրականացվել են նաև «Կերոն» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում»,- նշեց Պետոյանը։
Բարեկարգվող բակերում կառուցվում են ոչ միայն մանկական խաղահրապարակներ, այլև ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են երիտասարդների և մեծահասակների կողմից։ Քաղաքապետարանում նշում են, որ նախկինում ավտոկայանատեղի կամ ամբողջությամբ ասֆալտապատ տարածք հանդիսացող բակերի վերափոխումը ժամանակակից հանրային գոտիների արդեն իսկ տեսանելի ազդեցություն է թողնում համայնքային կյանքի որակի վրա։

2023-2024 թվականներից մայրաքաղաքում ներդրվել է խաղահրապարակների կառուցման նոր մոտեցում։ Նոր սերնդի խաղահրապարակները զգալիորեն տարբերվում են նախկինում կառուցվածներից՝ թե՛ որակով, թե՛ արտաքին լուծումներով, թե՛ ֆունկցիոնալությամբ։ Հատկապես Կենտրոն վարչական շրջանում վերջին շրջանում կառուցված խաղահրապարակներն ամբողջությամբ նոր որակի հանրային միջավայր են ձևավորում։
Քաղաքային իշխանությունները կարևորում են նաև բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ Նախքան որևէ բակի բարեկարգման ծրագրի մեկնարկը, նախագիծը ներկայացվում է բնակիչներին, կազմակերպվում են քննարկումներ, և հնարավորության սահմաններում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով քաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները։
Բնակիչներն իրենց առաջարկները կարող են ներկայացնել նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Բացի առցանց տարբերակից, քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու նաև վարչական շրջանների աշխատակազմերին։ Քաղաքապետարանում նշում են, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բնակիչները կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու առաջարկները։
Այս պահին խաղահրապարակներ արդեն կառուցվել կամ կառուցվում են Սայաթ-Նովա 37, Մաշտոց 37, Վարդանանց 10, Սվաճյան 9, Մաշտոց 40 և 40ա, Ծատուրյան, Տիգրան Մեծ 36բ և Չարենց 4 հասցեներում։
Բակային տարածքների մաքրությունն ու հետագա սպասարկումն իրականացնում է վարչական շրջանի աշխատակազմը։ Խաղահրապարակների կառուցումից հետո մեկ տարվա ընթացքում դրանց պահպանությունը գտնվում է երաշխիքային սպասարկման ներքո, իսկ դրանից հետո վերահսկողությունն անցնում է վարչական շրջաններին։
Կենտրոն վարչական շրջանում գործում են շուրջ 40 բակային մաքրող աշխատակիցներ, որոնք ամենօրյա գրաֆիկով իրականացնում են բակերի մաքրման աշխատանքներ։ Թեև ամբողջ վարչական շրջանի բոլոր բակերը հնարավոր չէ ամեն օր մաքրել, աշխատանքները կազմակերպվում են հերթականության և անհրաժեշտության սկզբունքով։
Պատասխանատուները միաժամանակ կարևորում են բնակիչների մասնակցությունը բակային մշակույթի պահպանման գործում՝ հորդորելով խնամքով վերաբերվել հանրային գույքին, պահպանել մաքրությունը և չաղտոտել խաղահրապարակներն ու ընդհանուր օգտագործման տարածքները։
«Բակային տարածքների բարեկարգման այս ծրագրերը աստիճանաբար փոխում են Երևանի համայնքային միջավայրը՝ ձևավորելով ժամանակակից, անվտանգ և ներառական քաղաքային տարածքներ, որտեղ երեխաները կարող են ազատ խաղալ, երիտասարդները՝ զբաղվել սպորտով, իսկ բնակիչները՝ անցկացնել առօրյան հարմարավետ ու բարեկարգ միջավայրում»,- եզրափակեց Պետրոս Պետոյանը։
Լուսինե Ջալալյան