Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները խաղաղությանը տեր կանգնելու մասին են . Փաշինյան
4 րոպեի ընթերցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններն Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանը տեր կանգնելու մասին են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դալարիկում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փաշինյանը նշել է, որ իրենց մեծագույն խնդիրն այս ընտրություններում այդ խաղաղությանը տեր կանգնելն է։
«Երկու տարուց ավելի է՝ մենք սահմանին ոչ մի զոհ և վիրավոր չունենք։ Անկախությունից ի վեր մենք մեկ տարի չէինք ունեցել, որ սահմանին զոհ կամ վիրավոր չունենանք»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականն առաջին տարին էր, որ Հայաստանից արտագաղթը կանգնել է, և Հայաստանից հեռացած քաղաքացիների ներգաղթ է սկսվել։
« 2025 թվականին 8660-ով Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը ավելի պակաս է , քան եկածների թիվը։ Արտագաղթը կանգնեցված է, և սկսվել է ներգաղթ»,-նշել է նա։
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակը 16000 դրամից դարձել է 46000 դրամ։
«2022 թվականին մենք նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Կարող էինք ասել, որ Հայաստանում սոված թոշակառու չկա։ Հիմա թոշակը 46000 դրամ է՝ դրան գումարած անկանխիկ առևտրի դեպքում հետվճարը։ Դա նշանակում է, որ մենք նվազագույն կենսաթոշակը փաստացի եռապատկել ենք Հայաստանում»,-նշել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև բանակում իրականացված բարեփոխումներին և նոր ծրագրերին՝ առանձնացնելով հատկապես «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
«2025 թվականից սկսած՝ ռազմական ակադեմիա ընդունված բոլոր ուսանողները, որոնք կավարտեն, սպայական կոչում կստանան և կծառայեն բանակում, ծառայության պահից պետության կողմից բնակարաններ են ստանալու»,-հավելել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե մտել է լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար։
«ԱՄՆ-ում արդեն իսկ վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող ապօրինի տունը, և հիմա սկսվել է այդ գույքի արժեքի 70 տոկոսը ՀՀ պետական բյուջե փոխանցելու գործընթացը։ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տունը՝ իր հողակտորով արդեն նրա սեփականությունը չի, այլ ժողովրդինը»,- ասել է վարչապետը։
Նա նաև հայտարարել է, որ ՀԷՑ-ը, որն արդեն դե ֆակտո պետական սեփականություն է, շատ շուտով դե յուրե կլինի պետական սեփականություն։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։