Մերձավոր Արևելք

Չինաստանը կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել համաշխարհային մատակարարման շղթաների գործունեությունը

3 րոպեի ընթերցում

Չինաստանը կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել համաշխարհային մատակարարման շղթաների գործունեությունը

Չինաստանը շարունակելու է բանակցել միջազգային հանրության հետ՝  Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու գործում կառուցողական դեր խաղալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ պատասխանելով Իրանում իրավիճակի մասին հարցերին։

«Չինաստանի դիրքորոշումն Իրանի իրավիճակի վերաբերյալ շատ հստակ է։ Հակամարտությունը լուրջ կորուստներ է պատճառել Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդներին։ Շարունակվելով՝ հակամարտությունը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսական աճի, մատակարարման շղթաների, միջազգային առևտրային կարգուկանոնի և համաշխարհային էներգամատակարարման կայունության վրա, ինչը վնասում է միջազգային հանրության ընդհանուր շահերին»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասել է խոսնակը։

Նա հայտարարել է, որ իմաստ չկա շարունակելու հակամարտությունը, որը չպետք է առհասարակ սկսված լիներ։ «Իրադրությունը կարգավորելու շուտափույթ ճանապարհ գտնելը ոչ միայն Միացյալ Նահանգների և Իրանի, այլև տարածաշրջանային և աշխարհի մնացած երկրների շահերից է բխում», - նշել է ԱԳՆ խոսնակը։

Նա նկատել է, որ ԱՄՆ-Իրան՝ վերջերս կնքված հրադադարը և բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու ջանքերը ողջունվում են տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության կողմից՝ հավելելով, որ Չինաստանը միշտ համարել է, որ երկխոսությունն ու բանակցությունները առաջ շարժվելու ճիշտ ուղին են, իսկ ուժի կիրառումը՝ փակուղի։

«Հիմա, երբ երկխոսության դուռը բացվել է, այն չպետք է նորից փակվի։ Կարևոր է պահպանել քաղաքական կարգավորման ուղղվածությունը, ներգրավվել երկխոսության և խորհրդակցությունների մեջ, ինչպես նաև հասնել Իրանի միջուկային հարցի և այլ հարցերի վերաբերյալ այնպիսի կարգավորման, որը կբավարարի բոլոր կողմերի մտահոգությունները», - հայտարարել է խոսնակը։

Նա նկատել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ բացել առևտրային ճանապարհները՝ համաշխարհային մատակարարման շղթաները կայուն և անխոչընդոտ պահելու համար։

«Կարևոր է հնարավորինս շուտ հասնել համապարփակ և երկարատև հրադադարի, հնարավորություն տալ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում շուտափույթ վերականգնել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև հիմք դնել տարածաշրջանի համար կայուն անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,- ասել է խոսնակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում