Վրաստանում նոր պատրիարք են ընտրել
1 րոպեի ընթերցում

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներն ընդլայնված փակ նիստում Նորին Սրբություն Շիոյին ընտրել են որպես Վրաստանի նոր, 142-րդ կաթողիկոս-պատրիարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Քվեարկությանը մասնակցել է Սուրբ Սինոդի 39 անդամ։ Հիերարխներն ընտրություն են կատարել երեք թեկնածուի միջև։ Քվեարկության արդյունքում Սենակիի և Չխորոցկու միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) ստացել է 22 ձայն։
Նորընտիր պատրիարք Շիոն 57 տարեկան է։ Մինչև 1993 թվականին վանական ձեռնադրվելը Շիոն սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականին նա ավարտել է Բաթումի հոգևոր ճեմարանը, այնուհետև իր աստվածաբանական կրթությունը շարունակել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի կողմից նա ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010 թվականին բարձրացել է միտրոպոլիտի հոգևոր աստիճանի։
2017 թվականին կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հրամանագրով միտրոպոլիտ Շիոն նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։
Վրաստանի 141-րդ կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկանում։