Եվրոպա

Եվրոպայի օրը Հայաստանում. շեշտադրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության խորացումն ու ընդհանուր արժեքների կարևորությունը

8 րոպեի ընթերցում

Եվրոպայի օրը Հայաստանում. շեշտադրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության խորացումն ու ընդհանուր արժեքների կարևորությունը

«ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում նշվեց Եվրոպայի օրը՝ միասնության, խաղաղության և համընդհանուր արժեքների խորհրդանիշը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն տարի մայիսին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մայրաքաղաքում և մարզերում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Երևանի Ազատության հրապարակում տեղադրված էին դեսպանությունների, ԵՄ տեղեկատվական և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի տաղավարներ, որտեղ ներկայացվում էին եվրոպական երկրների մշակույթը, խոհանոցը և ծրագրերի արդյունքները։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք արդար և բարեկեցիկ հասարակության հիմքն են։ Նա նշեց, որ Եվրոպայի օրը խորհրդանշում է միասնություն, համագործակցություն և խաղաղության նկատմամբ հանձնառություն։

Դեսպանի խոսքով՝ առանձնահատուկ խորհրդանշական էր Եվրոպայի օրը Երևանում նշելը, քանի որ ընդամենը օրեր առաջ Հայաստանը հյուրընկալել էր եվրոպական առաջնորդներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները նոր խթան են տվել գործընկերությանը և ձևավորել կայուն, բարեկեցիկ և անվտանգ ապագայի ընդհանուր տեսլական։

Վասիլիս Մարագոսը շեշտեց, որ գործընկերության իրական ուժը մարդկանց միջև կապերն են․

«Այսօր դուք կհանդիպեք մարդկանց, որոնք իրենց ուժերով ստեղծում են նոր հնարավորություններ և կերտում սեփական ապագան: Այսօր  այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու եվրոպական ժողովուրդների մշակույթին ու խոհանոցին, քանի որ միջոցառմանը ներկայացված են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 38 ծրագրեր, որոնք իրականացվում են գյուղատնտեսության, առողջապահության, տեղական զարգացման, մարդու իրավունքների, կրթության, նորարարության, էներգետիկայի և այլ ոլորտներում»,- ասաց նա:

Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին և ընդգծեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է, իսկ գործընկերությունը շարունակում է զարգանալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ Եվրոպայի օրը խաղաղության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Նրա խոսքով՝ Եվրոպան ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլ նաև արժեքների շուրջ ձևավորված համայնք։

Նա ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում անցկացվում է «Հայաստան-ԵՄ․ ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո, և այսօր Հայաստանը և Եվրամիությունը միմյանց ավելի մոտ են թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, թե՛ մարդկանց միջև կապերի տեսանկյունից։

«Օրեր առաջ Երևանում անցկացվել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Այդ օրերին Երևանը դարձել էր եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ցույց տալով Հայաստանի աճող դերակատարությունը»,- նշեց նա:

Փոխնախարարը նաև անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և ԹՐԻՓՓ նախագծին՝ նշելով, որ դրանք ուղղված են տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման միջոցով։ Նա կարևորեց նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը։

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, անդրադառնալով առաքելության գործունեությանը, նշեց, որ այն ստեղծվել է 2023 թվականին և ունի երեք հիմնական նպատակ՝ նպաստել սահմանային միջադեպերի նվազեցմանը, նպաստել մարդկանց անվտանգության զգացման բարձրացմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը։

Նրա խոսքով՝ առաքելությունը մեծամասամբ կարողացել է հասնել իր նպատակներին։

«Սահմանամերձ գյուղերի բնակիչները հաճախ ասում են, որ իրավիճակն ավելի հանգիստ և կայուն է դարձել մեր ներկայության շնորհիվ»,- նշեց նա։

Կուբերսկին ընդգծեց, որ առաքելությունը նաև նպաստում է ԵՄ երկրների մասին տեղեկատվության տարածմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի օրվա միջոցառումներին մասնակցությունը կարևոր հնարավորություն է ներկայացնելու Եվրամիությունը և ամրապնդելու Հայաստանի ու ԵՄ-ի միջև կապերը։

«Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի»» աշխարհագրական նշման ստեղծման ծրագրի պրոյեկտ մենեջեր Դանիելա Բանդեյրան ներկայացրեց ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում «Էքսպերտիզ Ֆրանս»-ի և DMI-ի կողմից։

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է հայկական բրենդին ձևավորել որպես աշխարհագրական նշում՝ սահմանելով վերջինիս բոլոր առանձնահատկությունները և ապահովելով դրա ավանդական համբավը, ճանաչելիությունն ու բարձր որակը։ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ծրագիրն օգնել է ազգային շահագրգիռ կողմերին ստեղծել աշխարհագրական նշման համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ, տեխնիկական և կարգավորող հիմքեր։ Կարողությունների զարգացման, փորձագիտական փոխանակումների և եվրոպական լավագույն փորձին համապատասխանեցման միջոցով ծրագիրը նպաստել է ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդմանը և համակարգի երկարաժամկետ կայունության ապահովմանը։

Դանիելա Բանդեյրայի խոսքով՝ այս համակարգը կծառայի որպես կարևոր քաղաքական և շուկայավարման գործիք՝ ապահովելու հայկական բրենդիի եզակի ինքնությունն ու ճանաչումը միջազգային շուկաներում՝ նպաստելով արտադրության ավանդական մեթոդների պահպանմանը, ապահովելով սահմանված որակի չափանիշներին համապատասխանությունը և ամրապնդելով սպառողների վստահությունը։

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի համակարգող Հայկ Կոստանյանը նշեց, որ Երևանը շարունակաբար ընդլայնում է էներգաարդյունավետության և կայուն զարգացման ծրագրերը՝ ստեղծելով ավելի հարմարավետ և անվտանգ միջավայր քաղաքացիների համար։

Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ արդեն բարելավվել են տասնյակ հանրային շենքերի պայմաններ, իսկ նոր փուլով նախատեսվում է ծրագրերում ներառել նոր մանկապարտեզներ և առողջության կենտրոններ։ Նա ընդգծեց, որ ծրագրերի արդյունքում նվազում են էներգիայի ծախսերն ու CO₂ արտանետումները, բարձրանում են շենքերի սեյսմակայունությունն ու ծառայությունների որակը։

Կոստանյանը տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլով մինչև 2026 թվականի վերջը աշխատանքներ են իրականացվելու 47 հանրային շենքերում, իսկ երկրորդ փուլով՝ ևս 38 շենքում, այդ թվում՝ 32 մանկապարտեզում և 6 առողջության կենտրոնում։ 

«Սա ներդրում է ոչ միայն ենթակառուցվածքների, այլև քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կայուն ապագայի ապահովման գործում»։

Եվրոպայի օրը նշվում է  ամեն տարի  մայիսի 9-ին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում