Թե ով կլինի վարչապետ, կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես․ Փաշինյանը՝ Եղեգնաձորի հանրահավաքին

4 րոպեի ընթերցում

Թե ով կլինի վարչապետ, կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես․ Փաշինյանը՝ Եղեգնաձորի հանրահավաքին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանրահավաք է անցկացրել Եղեգնաձորի ամֆիթատրոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«2026 թվականին մենք կանգնած ենք այդ խաղաղությունը անշրջելի դարձնելու, այդ խաղաղությունը 100 տարվա խաղաղություն դարձնելու շեմին»,- հայտարարել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հունիսի 7-ին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Ելույթով հանդես է եկել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ուզում ենք, որ հայ մարդը ապրի, մեր երեխաները չզոհվեն»,- նշել է Սիմոնյանը՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրություններում քվեարկել 16 համարի օգտին։

Հանրահավաքի ավարտին ելույթ է ունեցել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքը սկսելով սաղմոսով։

Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունները ժողովրդի դատն են քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ։

«Սաղմոսում ասվում է՝ «Դատի՛ր նրանց, Աստվա՛ծ», իսկ Աստվածաշնչում նաև ասվում է՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Ուզում եմ ընդգծել, որ ընտրությունները, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ինձ համար նաև ժողովրդի դատն են քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների նկատմամբ։

Մենք այսօր եկել ենք և ինքներս մեզ հանձնում ենք ձեր դատին։ Եվ, ինչպես բազմիցս ասել եմ, ժողովրդի ցանկացած որոշման հլու կերպով ենթարկվելու ենք։

Բայց ուզում եմ կրկին ասել՝ այն մարդիկ, ովքեր կանգնում են տեսախցիկների առաջ կամ առանց տեսախցիկների հայտարարում են, թե մեկ ամսից լինելու են Հայաստանի Հանրապետության վարչապետ, միաժամանակ ակնարկելով, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան արդեն որոշված է, պարզապես չեն հասկանում, թե ուր են հայտնվել և որն է այս գործընթացի իրական էությունը։

Ես չեմ կարող ասել, որ հունիսի 7-ից հետո լինելու եմ վարչապետ։ Ես կարող եմ հավակնել այդ պաշտոնին, կարող եմ իմ թեկնածությունը ներկայացնել ձեզ, բայց նախ պետք է ինքս ինձ հաշիվ տամ, որ Հայաստանում վարչապետի պաշտոնում ով կլինի, բոլորովին այլ տիրույթում որոշվող հարց է։

Ուզում եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր մարդ իր համար արձանագրի՝ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետը կախված է ընդամենը մեկ մարդուց։ Միայն մեկ մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես»,- ընդգծել է Փաշինյանը։

Հանրահավաքի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Հանրահավաքն ավարտվել է Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով և դրոն-շոուով։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում