Փաշինյանը Զառիթափում խոսել է պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապի վերականգնման անհրաժեշտության մասին
3 րոպեի ընթերցում
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթ է ունեցել Զառիթափում՝ հայտարարելով, որ պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապի վերականգնումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր մեծագույն խնդիրն է, որ մեր պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապը վերականգնվի և ուժեղանա։ Մեր խնդիրն է, որ պետությունը սիրի իր քաղաքացուն և քաղաքացին սիրի իր հայրենիքը»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանը քաղաքացիներին հարցրել է, թե որքան են սիրում Հայաստանի Հանրապետությունը՝ առաջարկելով իրենց վերաբերմունքն արտահայտել ծափահարություններով։
«Ես ուզում եմ իմանամ՝ դուք ինչքան եք սիրում Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է նաև, թե քաղաքացին որքանով է զգում պետության վերաբերմունքն իր նկատմամբ։
«Քաղաքացին, թե ինչքան է սիրում իր պետությունը, կախված է նաև նրանից, թե քաղաքացին ինչքան է զգում իր պետության սերը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետության և հասարակության փոխադարձ ճանաչումն ու վստահությունը Իրական Հայաստանի գաղափարախոսության կարևոր բաղադրիչներից են։
«Մենք պետք է ճանաչենք իրար, մեր պետությունը պետք է ճանաչենք և մեր պետությունը պետք է սիրենք»,- հայտարարել է Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վայոց ձորի մարզում անցկացնում է շրջայցեր և հանդիպումներ քաղաքացիների հետ։ Օրվա ընթացքում նախատեսված էին այցեր Ջերմուկ, Գնդեվազ, Զառիթափ, Մարտիրոս, Մալիշկա, Գետափ, Արենի և Եղեգնաձոր բնակավայրեր, իսկ օրվա ավարտին նախատեսված էր ամփոփիչ հանրահավաք Եղեգնաձորի ամֆիթատրոնում։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։