ՔՊ-ն քարոզարշավի երրորդ օրը հանդիպումներ և հանրահավաք կանցկացնի Վայոց ձորում

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն քարոզարշավի երրորդ օրը հանդիպումներ և հանրահավաք կանցկացնի Վայոց ձորում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը հանդիպումներ և ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Վայոց ձորի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում հայտնել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ քարոզարշավը մեկնարկել է Ջերմուկից, որտեղ նախատեսված են շրջայցեր քաղաքի աջափնյա և ձախափնյա թաղամասերում։

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Գնդեվազում, Զառիթափում, Մարտիրոսում, Վայքում, Մալիշկայում, Գետափում, Արենիում և Եղեգնաձորում։

Փաշինյանը նշել է, որ հանդիպումները լինելու են քաղաքացիների հետ անմիջական շփումների ձևաչափով, իսկ անհրաժեշտության դեպքում հնչելու են նաև կարճ ելույթներ։

Օրվա ամփոփիչ հանրահավաքը նախատեսված է ժամը 19։30-ին՝ Եղեգնաձորի ամֆիթատրոնում։

«Այնտեղ օրվա ամփոփումը կլինի, ելույթներ կհնչեն, երաժշտություն կհնչի, և նաև դրոնշոու կլինի՝ Վայոց ձորի մարզին նվիրված»,- նշել է Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում