Մերձավոր Արևելք

ԱՍԵԱՆ-ի երկրներն ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել պահպանել հրադադարը և շարունակել բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՍԵԱՆ-ի երկրներն ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել պահպանել հրադադարը և շարունակել բանակցությունները

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրներն Իրանի շուրջ ստեղծված իրադրության մեջ ներքաշված բոլոր կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը և հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մերձավորարևելյան կարգավորման հարցի շուրջ համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Ֆիլիպինների Սեբու քաղաքում միավորման 48-րդ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք արել կատարել այն պայմանները, որոնք նպաստում են հրադադարի ռեժիմի լիակատար և արդյունավետ պահպանմանը՝ ցուցաբերելով առավելագույն զսպվածություն, դադարեցնելով բոլոր մարտական գործողությունները և զերծ մնալով իրավիճակը սրող ցանկացած գործողությունից: Մենք ընդգծել ենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման, միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև հակամարտությունների ու լարվածության կարգավորման գործում իրական երկխոսության և դիվանագիտության խթանման կարևորությունը, ներառյալ Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում ռազմական գործողությունների լիակատար և անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը», - նշվում է ասոցիացիայի կայքում հրապարակված փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ միավորման անդամներն ընդգծել են էներգակիրների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ներառյալ պարենի, գյուղատնտեսական նյութերի, դեղագործական արտադրանքի և տրանսպորտային վառելիքի անխոչընդոտ հոսքի պահպանման անհրաժեշտությունը՝ տնտեսական կայունության ապահովման նպատակով։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և ներկայում միավորում է Հարավարևելյան Ասիայի 11 երկիր՝ Բրունեյը, Վիետնամը, Արևելյան Թիմորը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: Ասոցիացիայի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1976 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում