Իսլանդացի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրն առաջին անգամ Երևանում կներկայանա անհատական ցուցահանդեսով
4 րոպեի ընթերցում

Իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը, որի աշխատանքներում կան քաղաքականություն, փիլիսոփայություն, անդրադարձ ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային, բնապահպանական մարտահրավերներին, առաջին անգամ ցուցահանդեսով հանդես կգա Հայաստանում։
Հեղինակի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին Արդի արվեստի կենտրոնում։ Արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու 23 աշխատանքի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանն ասաց՝ Ռոզա Գիսլադոտիրի ցուցահանդեսը հյուրընկալելը պատվաբեր իրադարձություն է ոչ միայն կենտրոնի, այլև Հայաստանի համար։

«Ցուցահանդեսը գործելու է կենտրոնի բոլոր սրահներում. թանգարանի ամբողջ տարածքը լի է լինելու Գիսլադոտիրի աշխատանքներով։ Ցուցադրության կարևոր հատվածներից մեկն այն է, որ անվանի արվեստագետն իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի արվեստի կենտրոնին՝ այդպիսով՝ շատ սիրելի Երևանին։ Այդ աշխատանքներով համալրում ենք մեր թանգարանի հավաքածուն»,-շեշտեց Հարությունյանը։
Ռոզա Գիսլադոտիրի մեծադիր արվեստի հինգ ինստալացիաները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց՝ «Արվեստի խաչմերուկում»։

Գիսլադոտիրը երկու տարի առաջ է այցելել «ՀայԱրտ» կենտրոն։ Նրան այնքան է դուր եկել կենտրոնը, որ որոշել է՝ այդ տարածքում անպայման ներկայանալու է ցուցադրությամբ։ «Քանդակներից բացի, ցուցադրվելու են նաև լուսանկարներ։ Հինգ աշխատանքներից երկուսն ավելի վաղ ցուցադրվել են նաև Հռոմում. դրանք հունահռոմեական կլասիցիզմի ոճով են։ Երկու քանդակներն ունեն մոտավորապես 2 մետր բարձրություն, պատրաստված են ակրիլի և գիպսի խառնուրդից, իսկ երրորդ քանդակը կրում է ցուցահանդեսի խորագիրը՝ «Ժամանակի արտացոլանքը». այն կլոր ու թափանցիկ գլան է, որն ունի այս թանգարանի տեսքը։ Այն հայելանման արտացոլանք ունի. նրա մեջ նայելով՝ կարող եք հետևում տեսնել Երևանը, ձեզ և մտորել անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Քանդակներից մեկն էլ կոչվում է «Ո՞ւր ենք գնում»։ Այն ունի նախորդի փիլիսոփայությունը։ Ութ աստիճանից բաղկացած քառակուսի քանդակ է, քանդակներից մեկն էլ կոչվում է «Երկարություն և լայնություն»,- պատմեց արվեստագետը։

Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։
Երևանյան ցուցահանդեսի իրականացմանն աջակցել են Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։
Հյուպատոս Լևոն Հայրապետյանի խոսքով՝ հյուպատոսարանի գործունեությունը խթանում է երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն տնտեսական և այլ, այլև մշակույթի և արվեստի ոլորտներում։
«Ժամանակի արտացոլանքը» իսլանդական արդի արվեստը ներկայացնող լայնածավալ ցուցահանդեսի իրականացումը Հայաստանում՝ տարածաշրջանում կարևոր քայլ է հայ-իսլանդական արվեստային համագործակցության զարգացման գործում։ Ցուցահանդեսը միավորում է արվեստային և կրթական բաղադրիչներ՝ նպաստելով արվեստասեր հանրության և հասարակության տարբեր լսարանների ներգրավմանն արդի արվեստի հանրահռչակմանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 11-ը։