Նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 39 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մայիս 7-ի հերթական նիստում։
«Հունվար-ապրիլին էլ նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34 տոկոս աճ է գրանցվել»,-հավելել է Փաշինյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ մանրամասնել է, որ որոշակի չափով նկատվում է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների դիվերսիֆիկացիա։
«Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հունվար-ապրիլ ժամանակահատվածում եղել են 52 տոկոսը, ապա հիմա կազմում են 36 տոկոսը։ Եթե 2024-ին 42 տոկոս էր, ապա հիմա՝ 36 տոկոս։ Այսինքն՝ մեկ երկրի մասնաբաժինը ավելի քան 50 տոկոսից արդեն մոտեցել է մեկ երրորդին»,-ներկայացրել է Պապոյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած տեսակարար կշռի նվազմանը, կարևոր է արձանագրել, որ ՌԴ-ից նույնպես զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել։
Ըստ Պապոյանի՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն անցած տարվա 183 հազար 700-ի համեմատ այս տարի արդեն կազմել է 245 հազար 178։
«Ավելացել են ոչ միայն ՌԴ-ից եկող, այլ նաև Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից եկող զբոսաշրջիկները։ Այսինքն՝ աշխարհագրությունը բավականին լայն է»,-ավելացրել է Էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ եթե տարիներ առաջ Իտալիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ընդհանուր զբոսաշրջիկների թվի մեջ 0,4 տոկոսն էր հիմա արդեն ավելի քան 1 տոկոս է կազմում։