Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը

4 րոպեի ընթերցում

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության մեդալակիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը մայիսի 6-ին տոնում է ծննդյան 55-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1971 թվականին Երևանում: Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից, հետագայում արժեքավոր խորհրդատվական դասեր է ստացել սըր Գեորգ Շոլթիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից:

1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը բարձր հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում. այն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, տարբեր լեյբլների հետ թողարկել է ձայնասկավառակներ և հանդես եկել Եվրոպայում շուրջ 700 համերգով:

2000 թվականից առ այսօր Էդուարդ Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նրա ղեկավարության ավելի քան 25 տարվա ընթացքում նվագախումբն է՛լ ավելի է բարձրացրել իր կատարողական մակարդակը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում:

Սիմֆոնիկ հարուստ երկացանկից բացի Թոփչյանը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Սիմոն Բոկկանեգրա», «Ռիգոլետտո», «Պարահանդես-դիմակահանդես», «Լուիզա Միլլեր», Պուչինիի «Տուրանդոտ», «Մադամ Բաթերֆլայ», «Տոսկա», «Թիկնոցը», Լեոնկավալլոյի «Պայացներ», Ռոսինիի «Սևիլյան սափրիչը», Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգը», Չայկովսկու «Պիկ թագուհի», «Եվգենի Օնեգին» օպերաներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Էդուարդ Թոփչյանը համագործակցել է աշխարհահռչակ բազմաթիվ մենակատարների հետ, կազմակերպել և մասնակցել է հեղինակավոր միջազգային փառատոնների: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ասիայի տարբեր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Շտուտգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Սիենայի փառատոնի նվագախումբը, Kärntner Sinfonieorchester-ը, Պորտլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Շենժենի սիմֆոնիկ նվագախումբը, Ցինդաոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սվետլանովայի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա ղեկավարել է օպերային ներկայացումներ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում, Մոնտե-Կարլոյի օպերային թատրոնում, Մոսկվայի Բոլշոյ օպերային թատրոնում և այլն:  

2007 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013 թվականին Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է Ասպետի շքանշանով «Աշխատանքային վաստակի համար» (Ordine al “Merito del Lavoro”):

Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Եվրոպա՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Շրջագայության ընթացքում նվագախումբը հանդես կգա 14 համերգով Եվրոպայի 5 երկրում: Հյուրախաղերի մեկնարկն արդեն իսկ նշանավորվել է մեծ հաջողությամբ Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի լավագույն համերգասրահներում. առջևում են Գերմանիայում և Իսպանիայում կայանալիք համերգները:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները