Որքանով են արտաքին քաղաքական որոշումներում հաշվի առնվում սփյուռքի հայերի կարծիքները. մանրամասնում է ՀՀ ԱԳ նախարարը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարցին, թե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշում կայացնելիս՝ որքանով են հաշվի առնում սփյուռքի հայերի կարծիքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ՝ անդրադառնալով մոդերատորի համապատասխան հարցին։

«Այո, մենք ունենք հայկական մեծ սփյուռք, այո, դա կարևոր գործիք է, նրանք մեր հայրենակիցներն են, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, և նրանց տեսակետները, հնարավոր է, ուղղակիորեն չհամընկնեն այլ երկրներում բնակվող հայերի կարծիքների  հետ։ Օրինակ, վստահ չեմ, որ  Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում բնակվող հայերի հետաքրքրություններն ու շահերը կարող են համընկնել Ռուսաստանում բնակվող հայերի հետաքրքրությունների ու շահերի հետ։ Եվ մեկ բան, որ շատ ավելի կարևոր է՝ վստահ չեմ, որ արտերկրում բնակվող հայերի հետաքրքրություններն ու շահերը կարող են համընկնել Հայաստանում բնակվող հայերի շահերի, հետաքրքրությունների ու կարիքների հետ։  Մենք շատ անկեղծ քննարկում ենք ունենում, ես անկեղծ կլինեմ. մենք պետք է հասկանանք, որ սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, նրանք պետք է փախչեին, ապաստան հայցեին, իրենց կեցությունն ապահովեին այս վայրերից շատ հեռու, ուստի սփյուռքահայերից շատերն ուզում են տեսնել ավելի մեծ Հայաստան, պատմական Հայաստան, Հայաստան, որը փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել, բայց այսօր դա երազ է, դա իրական Հայաստանը չէ։ Մենք այսօր ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում, այս հստակ հարևանների հետ, և չենք ուզում մեր հաջորդ տասնամյակը, դարը, հազարամյակն ապրել՝ կռվելով մեր հարևանների հետ, ավելի մեծ թվով զոհեր տալ մարտադաշտում, ավելի մեծ կորուստներ ունենալ այն առումով, որ որոշները հակամարտության պատճառով կհեռանան Հայաստանից ու լուծումներ կգտնեն այլ երկրներում»,- մանրամասնել է Միրզոյանը՝ նշելով, որ այս առումով Հայաստանում ապրող հայերի տեսակետները և կարիքները կարող են տարբեր լինել նրանց կարծիքներից, որոնք այլ երկրներում են բնակվում։   

Միրզոյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր հարց է, որը պետք է խորապես քննարկել ու հասկանալ, լուծումներ գտնել։

«Ավելի քան վստահ եմ, որ այս լուծումը գալիս է։ Ես տեսնում եմ ավելի ու ավելի շատ ազդակներ սփյուռքահայերից, որ նրանք սկսում են հասկանալ, թե ինչ կարիք ունի իրական Հայաստանը, ավելի շատ աջակցության ձայներ ենք լսում սփյուռքից»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը։  

Հայերեն English