Քաղաքականություն

Մենք նվազեցրել ենք քաղաքական, տնտեսական ու էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Մենք նվազեցրել ենք քաղաքական, տնտեսական ու էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից. Արարատ Միրզոյան

Հայաստանը վերջին տարիներին կարողացել է նվազեցնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից և դիվերսիֆիկացնել իր բարեկամ երկրների թիվը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն անդրադարձել է երկար ժամանակ հայկական քաղաքական էլիտաների, նաև հասարակության մտածողությանը, թե ինչպես են նրանք ընկալել աշխարհը.

«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել։ Այս տեսակետը հիմա փոխվել է, քանի որ, երբ եկավ ժամանակը, և մենք իսկապես ունեինք այդ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, այդ օգնությունը տեղ չհասավ։ Եվ դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետը մեր քաղաքացիների, լայն հասարակության շրջանում, դեռ չեմ խոսում քաղաքական էլիտայի մասին։ Հիմա, կարծես, մենք ինչ-որ կերպ կարողացել ենք մեկ կենտրոնից մեր քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը նվազեցնել և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների թիվը»,- ասել է Միրզոյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, և Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանին օգնության չհասան։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, սերտ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչպես նաև պահում է ամուր կապերը Ռուսաստանի հետ։

«Մեր նպատակն այս կապերը դիվերսիֆիկացնելն է»,- նշել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում