Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել ցանկալի և պոպուլյար ուղղություն. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունը բազմաթիվ նախագծեր են քննարկել, այդ թվում՝ սահմանների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բազմաթիվ նախագծեր ունենք և բազմաթիվ նախագծեր ենք քննարկել, այդ թվում՝ սահմանների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությամբ։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել շատ ցանկալի և պոպուլյար ուղղություն, դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը։ Առաջիկայում կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ, մենք պետք է սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ ունենանք մեր սահմանային անցման բոլոր կետերում։ Այսօր արդեն Եվրամիությունը շատ կոնկրետ ներդրում ունի մեր սահմանների կառավարման գործում։ Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» սահմանային անցակետը և հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ»,-նշեց նա։
Փաշինյանը հավելեց, որ կան նաև տարածաշրջանի կապակցվածության ուղղությամբ նախագծեր՝ հենվելով այն իրողության վրա, որի մասին ավելի վաղ խոսել էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով։
«Մենք սովոր ենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այս նախադասությունը՝ Արևելքից «Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով», տասնյակ հարյուրավոր միլիարդների և տրիլիոնի արժեք ունի։ Սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ հարյուրավոր, պոտենցիալ կա։ Եվ մենք շնորհակալ ենք ԵՄ մեր գործընկերներին այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար»,- ընդգծեց Փաշինյանը։