Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը շարունակվում է՝ անկախ համաձայնագրի ստորագրումից. վարչապետ

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը շարունակվում է՝ անկախ համաձայնագրի ստորագրումից. վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ամենակարևոր արձանագրումն այն է, որ ներկայում հաստատվել է խաղաղություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում։

«Ամենակարևոր արձանագրումն այն է, որ մենք հիմա Ադրբեջանի հետ ունենք խաղաղություն։ Եվ պետք է արձանագրենք, որ նախորդող շրջանում մենք այդպիսի երկու տարի և նույնիսկ մեկ տարի չենք ունեցել, երբ Ադրբեջանի հետ չունենանք հրաձգություններ, զոհեր և վիրավորներ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում է նման իրավիճակ, երբ կողմերը նաև խոսույթում են մոտենում միմյանց։

«Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ։ Ադրբեջանի նախագահը նույնպես ասում է, որ խաղաղությունը նոր հանգամանք է մեր կյանքում, և մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ կողմերը դեռևս փորձում են հասկանալ խաղաղության էությունը և դրա գործնական արտահայտությունները։

Նա կարևորել է նաև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը՝ շեշտելով խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ նշել է, որ արդեն առկա են իրավական հիմքեր։

«Սխալ է այն կարծիքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե հիմք չունի։ 2024 թվականին ստորագրվել և վավերացվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը մեր երկրների միջև առաջին միջպետական համաձայնագիրն է՝ պարտադիր իրավական ուժով»,-ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ համաձայնագրով Ալմա Աթայի հռչակագիրը ընդունվել է որպես բազային սկզբունք սահմանազատման գործընթացում։

Փաշինյանը նաև նշել է, որ խաղաղության գործընթացն արդեն արտահայտվում է գործնական քայլերով։

«Հայաստան արդեն շուրջ 26 հազար տոննա բեռ է եկել Ադրբեջանի երկաթուղով, և նաև Հայաստանը սկսել է Ադրբեջանից ներկրել նավթամթերք»,-ասել է նա։

Վարչապետը կարևորել է նաև խաղաղության սոցիալ-հոգեբանական ընկալման ձևավորումը՝ ընդգծելով, որ թշնամության երկար տարիների հետևանքները չեն կարող միանգամից հաղթահարվել։

«40 տարի մենք ապրել ենք թշնամության միջավայրում, և հնարավոր չէ ուղղակի անջատել թշնամանքը և սեղմել խաղաղության կոճակը։ Սա իներցիոն գործընթաց է»,-նշել է Փաշինյանը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը հասարակական մակարդակում ընթանում է սպասվածից արագ։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սակայն ընդգծել է, որ դրանից հետո ևս շարունակական աշխատանք է պահանջվելու։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ աշխատանքն ավարտվում է։ Ընդհակառակը, անհրաժեշտ կլինի բազմաթիվ նոր համաձայնագրերի ստորագրում տարբեր ոլորտներում»,-ասել է նա։

Փաշինյանը նաև կարևորել է տարածաշրջանային կապերի բացումը և ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում՝ «TRIPP»-ը և Եվրամիության հետ քննարկվող նախաձեռնությունները։

«Երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի, իսկ որ դա տեղի է ունենալու, ես որևէ կասկած չունեմ, դա կլինի խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր քայլ»,-նշել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում