2 րոպեի ընթերցում
Դանիայում մարտի 24-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները մինչև օրս չեն կարողանում համաձայնության գալ նոր կառավարություն ձևավորելու հարցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական DR հեռուստառադիոընկերությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ապրիլի 30-ին հայտարարել է, որ դեռևս շարունակվում են բարդ քննարկումները, այդ թվում՝ տնտեսության վերաբերյալ։ Նա անկեղծորեն խոստովանել է, որ դժվարանում է գնահատել քաղաքական համաձայնության հասնելու հնարավորությունը։ Վարչապետը նշել է, որ խորհրդարան անցած 12 կուսակցություններից շատերն են ցանկանում հայտնվել կառավարությունում, բայց՝ ոչ միմյանց հետ։
DR-ը տեղեկացնում է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 84%․ դա ամենացածր ցուցանիշն է 1990 թվականից ի վեր։ Ձայների 21.8 տոկոսով ընտրությունները շահել են սոցիալ-դեմոկրատները, սակայն վարչապետի թեկնածուներից ոչ մեկը չի ապահովել կառավարություն ձևավորելու մեծամասնություն։
Դանիայի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ անորոշության պահպանման դեպքում կարող է գրանցվել Դանիայի ժամանակակից պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկարատև բանակցությունների ռեկորդ։ Առայժմ ռեկորդային է մնում 2022 թվականը, երբ երկիրը 45 օր մնում էր առանց նոր կառավարության։ Մինչև վերջերս այս առումով ռեկորդային երկրորդ ցուցանիշ էր համարվում 1975 թվականինը՝ 36 օր։