Սոցիալական հարցեր

Աղքատությունը կարելի է հաղթահարել միայն զբաղվածությամբ. Արսեն Թորոսյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամների հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

Աշխատանքային քննարկում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում կատարված բարեփոխումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ
Աշխատանքային քննարկում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում կատարված բարեփոխումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ

Հայաստանի Կոտայքի և Սյունիքի մարզերում արդեն 1 տարի է, ինչ պիլոտային ծրագրով փորձարկվում  է անապահովության նպաստի նոր համակարգը, որտեղ անապահովության նպաստի միջին չափը 80 հազար դրամ է, իսկ առավելագույն չափը՝ 200 հազար դրամ այն ընտանիքների համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման անհրաժեշտության վերաբերյալ։

«Բայց այդ համակարգի ամբողջ իմաստը ոչ թե այդ նպաստը տալն է, այլ մարդկանց դրդելը, խրախուսելը և օգնելը, որպեսզի ունենան զբաղվածություն, որովհետև միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե իշխանության գալու դեպքում իրենք ստեղծելու են աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի միջոցներից ամսական 150 հազար դրամ են հատկացնելու ծայրահեղ աղքատ ընտանիքներին՝ Արսեն Թորոսյանն ասել է.

«Ի դեպ,հայտարարել եք, որ 300 հազար աշխատատեղ եք ստեղծելու, որը, ի դեպ, մենք արդեն ստեղծել ենք, բա այդ 300 հազար աշխատատեղը ստեղծելուց հետո աղքատությունը չպիտի մնար, այդ ի՞նչ 150 հազար դրամներ եք ուզում բաժանել ժողովրդին, թե՞ խորհուրդներ են տվել, որ ինչքան պոպուլիստական բաներ ասեք, այնքան շատ ձայն կտանեք։ Չնայած, որ տանող լինեիք, ձայների համար էլ 100 կամ 200 հազար դրամ չէիք տա»։

Թորոսյանը հիշեցրել է վերջին տարիներին Հայաստանում գրանցված միջին աշխատավարձերի բարձրացման մասին՝ շեշտելով, որ ամեն տարի միջին աշխատավարձը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում  է աղքատության նվազեցմանը։ 

«Մենք այլ գործիքներ էլ ենք ներդրել, որոնք կրկին հանգեցնում են աղքատության նվազմանը։ Խոսքը բնակապահովման տարատեսակ ծրագրերի մասին է, երեխաների նպաստների ավելացման և նորերի ներդրման մասին է,  երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին է։ Այս ամենն աղքատության հաղթահարման միջոցառումներ են, և մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, որովհետև այն  0.6 տոկոս է եղել 2024 թվականին, իսկ 2025 թվականին վստահաբար ավելի ցածր է լինելու»,- ասել է Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում