Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Արսեն Թորոսյան
2 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվության աճին՝ կրճատելով նաև գործազրկության, այդպիսով նաև աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մոտ է ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ինչին հաջողվել է հասնել բացառապես աշխատանքի շնորհիվ։
Նախարարի խոսքով`տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու յուրաքանչյուրի ներդրումը Հայաստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և հասարակական բարեկեցության ապահովման գործում։
«Ձեր ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ և բարեկեցիկ ներկան ու ապագան»,-նշել է Թորոսյանը:
Նա ընդգծել է, որ աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ․ այն նաև անձի ինքնադրսևորման, անձնական և մասնագիտական աճի, սեփական ներուժն անկախ ամեն ինչից լիովին իրացնելու առանցքային պայմաններից է, և պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա արժանապատիվ, անվտանգ և ստեղծարար աշխատանքի հնարավորություն։
«Այս նպատակով հետևողականորեն իրականացվում են աշխատաշուկայի զարգացմանը, աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խթանմանը միտված քաղաքականություններ»,-հավելել է Թորոսյանը: