Եվրոպա

Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է Ռուսաստանի դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի համապատասխան քայլի

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է Ռուսաստանի դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի համապատասխան քայլի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտել է մարտին Ռուսաստանի կողմից բրիտանացի մեկ այլ դիվանագետի արտաքսելու որոշումը՝ այն անվանելով «անհիմն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք նախորդ ամիս Ռուսաստանի կողմից բրիտանացի մեկ այլ դիվանագետի արտաքսելու անհիմն որոշումը և դրան հաջորդած չարամիտ հանրային զրպարտող արշավը: Այս վարքագիծն ամբողջովին անընդունելի է, և մենք չենք հանդուրժի մեր դիվանագիտական ​​անձնակազմի նկատմամբ ոտնձգություններ կամ սպառնալիքներ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է խորհրդակցության, որի ընթացքում նրան կտեղեկացնեն ձեռնարկվող փոխադարձ գործողությունների մասին՝ չեղյալ համարելով ռուս դիվանագետներից մեկի հավատարմագրումը:

«Ռուսաստանի կողմից կրկնվող, չհրահրված և անհիմն գործողություններն ուղղված են մեր դիվանագիտական ​​աշխատանքի խաթարման դեմ և կազմում են Մեծ Բրիտանիայի նկատմամբ ագրեսիվ վարքագծի ավելի լայն արշավի մաս: Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա գործողություն կդիտարկվի որպես սրացում և կբախվի վճռական և համաչափ պատասխանի», - նշված է հայտարարության մեջ:

Մոսկվան մարտին արտաքսել էր բրիտանացի դիվանագետի, որն, ըստ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայություն աշխատակիցների, զբաղվել է հետախուզական գործունեությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում