Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 2027 թվականի համար վերանայելու նախաձեռնություն չկա. նախարար

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 2027 թվականի համար վերանայելու նախաձեռնություն չկա. նախարար

Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը, գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները. մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129600 դրամ: Բացի դրանից, նաև աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց՝ 2027 թվականի այս սուբսիդավորման շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, սակայն 2027 թվականի բյուջեում դեռ քննարկումների տեղ կա: Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը:

«Ամեն տարի Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունն Ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացությունը՝ արդյոք պե՞տք է վերանայել, թե՞ ոչ: Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում